Ինչու Արարատ Միրզոյանի խոսքերը մեծ իրարանցոմ առաջացրին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պետական դումայում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանում: Միրզոյանը հայտարարել է հայ-ռուսական ջերմ հարաբերությունների խորացման մասին` միաժամանակ շեշտելով. «Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- ասել է նա:

Եթե անկեղծ, ապա Միրզոյանը որեւէ արտառոց խոսք չի հնչեցրել. նա ընդամենը բարձրաձայնել է փաստը, որ ռուս պատգամավորներից ոմանք Բաքվում հակահայկական ակցիաների են մասնակցել: Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ իշխանության օրոք` վերջին քսան տարիներին, նախորդ խորհրդարանի ղեկավարներն իրենց ինչպես են պահել ռուս գործընկերների մոտ` վախենալով ինքնուրույն միտք հայտնել, ուր մնաց հակադրվել, ապա Միրզոյանի ելույթը թվում էր խիզախություն:

Բայց վերադառնանք ռուս պատգամավորների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու փաստին. նրանց մեջ էին Օկսանա Պուշկինան, Դմիտրի Սավելեւը եւ Իրինա Ռոդնինան: Հատկապես Իրինա Ռոդնինան Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ»` խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին, Ռոդնինան, որը ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է:

Անշուշտ, տարօրինակ փոխակերպում է, սակայն առավել տարօրինակ է այն, որ նույն Իրինա Ռոդնինան մի քանի տարի առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեծ պատիվների էր արժանացել: Սերժ Սարգսյանը 2014թ. անգամ հատուկ շնորհավորական ուղերձ էր հղել Ռոդնինային՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: 2015թ. Իրինա Ռոդնինայի պատվին է անվանակոչվել եւ մինչօրս էլ նրա անունն է կրում Երեւանում կառուցված գեղասահքի դպրոցը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը մասնակցել է ինչպես մարզադպրոցի հիմնարկեքի, այնպես էլ բացման արարողությանը:

Բարդ է ասել՝ Իրինա Ռոդնինան է ապերախտ գտնվել` նման հայտարարություններ անելով, թե Սերժ Սարգսյանն էր կարճատես եւ պատիվների էր արժանացնում մի անձի, որը հայերին համարում է ոճրագործ: Իսկ միգուցե երկուսն էլ միասին: Ամեն դեպքում, ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ճիշտ կանեին մեկնաբանել այս խնդիրը. ի վերջո, իրենք էին Ռոդնինային պատիվներ շռայլում, այն Ռոդնինային, որը հիմա խոսում է իբր հայերի կողմից իրականացված ցեղասպանության մասին:




Լրահոս