Փաշինյանը միջազգային հանրությանը ստիպել է ճանաչել Արցախը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսել աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` անդրադառնալով նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Շեշտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը` վարչապետ Փաշինյանն արձանագրել է. «Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ` ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձևավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը»: Միաժամանակ, նա հիշեցրել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը, նաեւ Բաքուն ԼՂՀ-ն ճանաչել է որպես հակամարտող կողմ:

Այս փաստաթղթի հիշատակումը, թերեւս, պատահական չէ. Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ՝ ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Եւ այս երկու փաստաթղթերը հայկական կողմի գլխավոր կռվանն են, որ իրավունք են տալիս պնդելու ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելը: Ընդ որում, այս փաստաթղթերը որեւէ մեկն անվավեր չի ճանաչել, որեւէ մեկը սրանից չի հրաժարվել:

ՈՒ այս համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը միջազգային ամբիոններից հստակ հայտարարում է բացառապես ՀՀ անունից բանակցելու լիազորությունների մասին` շեշտելով` Արցախի հայ բնակչությունն ունի իր սեփական սահմանադրությունն ու սեփական կառավարությունը, ըստ էության, ստիպում է նույն այդ միջազգային հանրությանը ճանաչել այդ երկիրը որպես առանձին միավոր: Ի վերջո, Արցախի անկախությունը սոսկ փաստաթուղթ չէ, անկախությունն առաջին հերթին հենց պետական ինստիտուտների առկայությունն է:




Լրահոս