Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման հրամայականը կրկին դարձել է ակտուալ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակն առիթ դարձավ կրկին անդրադառնալու հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. սահմռկեցուցիչ իրադարձություն, որի հետեւանքով սպանվեց Սպարապետը:

Ու հատկապես այսօր, երբ Հայաստանի նոր իշխանությունները կոնկրետ քայլեր են սկսել մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ (մեղադրանք առաջադրելով 2008թ. ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին), հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման հրամայականը կրկին դարձել է ակտուալ: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո այսօր շատերը վստահ են, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները կարող են բացահայտվել:

Պատահական չէ, որ երեկ Եռաբլուրում այդ միտքը շատ էր շեշտվում, եւ այդ երկու իրարից տարբեր, բայց եւ իրար նման ոճրագործությունների միջեւ զուգահեռներ էին անցկացվում: Հենց Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ասել է, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված շատերի մոտ կասկածներ կան, ու այդ կասկածները պետք է փարատվեն. «Եվ ցանկալի կլիներ, որ բացահայտումները ժամանակի ընթացքում կարողանային անցնել, նաեւ Մարտի 1-ը փակելով, այդ թեման վերջնական լուծում տալուց հետո նաեւ անցնեին Հոկտեմբերի 27-ին, կարծում եմ կանցնեն»,- ասել է նա:

Բայց ամենաուշագրավը երեկ Եռաբլուրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարություններն էին. «Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի եւ պատմական գնահատականը պետք է ստանա: Պատմականի մեջ մտնում է նաեւ իրավականը»,- ասել է նա:

ՀՀ նախագահը, որ այդպես էլ հստակ գնահատական չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, ընդհակառակը, շեշտում է հոկտեմբերի 27-ի իրադարձություններին իրավական գնահատական տալու կարեւորությունը: Ասել է թե` իր հերթին ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու պահանջ է դնում:

Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ Արմեն Սարգսյանը նման կտրուկ հայտարարություն է անում. 1998-ից 2000թ. ապրիլի 20-ը նա եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը, եւ այդ պաշտոնից ազատվելուց երեք օր անց՝ ապրիլի 23-ին` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ ասել է.

«Այսօր ցավով նշում եմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից հետո Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ:

…Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իր մտահոգությունների մասին՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդները անկեղծ էին:

Ցավոք սրտի, իմ տեսակետը Հայաստանի ապագայի վերաբերյալ միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարների տեսակետների հետ»:




Լրահոս