Վրաստանում գազի տարանցման վճարի բարձրացումը արդյոք բացասաբար կանդրադառնա գազի սակագնի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, այս ճանապարհին նոր խոչընդոտներ են ի հայտ եկել: Երեկ հայտնի դարձավ, որ բարձրացել է ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը: Այդ լուրը պաշտոնապես հաստատել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: ««Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, եւ շուտով Վրաստանը կձեւակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որեւէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ասել է Վրաստանի նախարարը` հավելելով, թե ինքը չի կարող հստակ ասել՝ որքան է բարձրացել տարանցման գինը. այն համարվում է կոմերցիոն գաղտնիք:

Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել կատարվածը: Ըստ այդմ` դեռ միանշանակ պարզ չէ՝ Վրաստանին տարանցման համար վճարվող սակագնի բարձրացումն ինչպես կազդի Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վրա: Առայժմ այս կապակցությամբ կարելի է որոշակի գուշակություններ անել կամ որոշակի վերլուծություններ, բայց ոչ ավելին:

Միաժամանակ, հիշում եք, այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ն ՀՀ սահմանին բարձրացրել է գազի սակագինը, բայց հայաստանյան սպառողի համար այն շարունակում է մնալ նույնը: ՀՀ իշխանությունները փորձում են բանակցություններ վարել գինը նվազեցնելու կամ գոնե հայաստանյան սպառողի համար այն անփոփոխ պահելու ուղղությամբ: Բայց հիմա, երբ ռուսական գազի տարանցման գումարը բարձրացել է, նշանակում է լրացուցիչ խնդիրներ գազի սակագինը քննարկելիս: Ի վերջո, տարանցման համար պահանջվող վճարը մտնում է գազի սակագնի մեջ:

Ու այս համատեքստում, թերեւս, կրկին օրակարգային է դառնում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման խնդիրը: Ի վերջո, ՌԴ-ից գազային կախվածությունը, այն էլ՝ նախկին իշխանություններից տխուր ժառանգություն մնացած հայտնի համաձայնագրերով հանդերձ (որ ընդունվել էին 2013թ.), իսկապես լուրջ խնդիր է եւ լուրջ խնդիր է լինելու դեռ շատ երկար ժամանակ:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ խոսվել էր իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հեռանկարների մասին:

Հիմա մնում է, մի կողմից, հայ-իրանական գազային համագործակցությունը համապատասխան մակարդակի հասցնել, մյուս կողմից` հաջողության հասնել ՌԴ-ի հետ գազի սակագնի շուրջ բանակցություններում:




Լրահոս