Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակին երեկ անդրադարձել են Ադրբեջանի իշխանությունները` նախագահ Իլհամ Ալիեւն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Եթե անկեղծ, ապա նրանց հայտարարությունները որեւէ նորություն չէին պարունակում. Ալիեւը դեմ է արտահայտվել բանակցային ձեւաչափի փոփոխությանը. «Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձեւաչափը: Դա անընդունելի է ու հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- ասել է նա` միաժամանակ անընդունելի որակելով ստատուս քվոյի պահպանումը:
Մամեդյարովն էլ իր հերթին նշել է. «Նա, թերեւս, կարող է բարձրացնել ցանկացած հարց: Ամեն դեպքում, բանակցությունների ձեւաչափի մասով հստակ արտահայտվել են եւ՛ Եվրամիությունում, եւ՛ Ադրբեջանի նախագահը: Այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:
Ադրբեջանի այս պահվածքը միանգամայն բնական է. թեեւ 1994թ. Ադրբեջանը ստորագրել է փաստաթուղթ` Ղարաբաղը ճանաչելով հակամարտության կողմ, հետագայում ամեն ինչ արել է խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն տեղափոխելու համար: Ու նախկին իշխանությունների շնորհիվ` քսան տարի առաջ Ադրբեջանը ստացավ իր ուզածը. Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային ձեւաչափից: Այնպես որ, Ադրբեջանը հիմա դիմադրում է ԼՂՀ-ի` բանակցային սեղան վերադարձին:
Այստեղ տարօրինակ է օտարերկրացի այն դիվանագետների հնչեցրած գնահատականները, որոնք կարծում են` ՀՀ-ն, բարձրացնելով բանակցությունների սեղան Արցախյան կողմի վերադարձի խնդիրը, ձեւաչափը փոխելու պահանջ է դնում:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարեց դեռ մայիսին` ՀՀ վարչապետ դառնալուց անմիջապես հետո: Ու այս ընթացքում կար բավական ժամանակ, որպեսզի հայկական դիվանագիտական կառույցները համապատասխան բացատրական աշխատանքներ տանեին միջազգային կառույցների մոտ հիմնավորելու Հայաստանի դիրքորոշումը, ցույց տալու, որ իրականում պաշտոնական Երեւանը պահանջում է ոչ թե բանակցային ձեւաչափի փոփոխություն, այլ 1994թ. ընդունված փաստաթղթի լիարժեք կիրառում:
Ու քանի դեռ միջազգային հանրության մոտ թյուր ըմբռնումներ կան այս առումով, նշանակում է` հայկական դիվանագիտությունը բավարար ջանքեր չի գործադրել, այլ միգուցե անուղղակի սաբոտաժ է արել, կամ էլ մասնագիտական հմտությունները չեն բավարարել այդ ամենի համար: