ՀԱՐՑ. Մեր բանակի հարցերը, ի վերջո, մի օր լուծում ստանալո՞ւ են, ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս սպանությունները, մեր զինվորների մասին ամեն օր ահավոր լուրեր ենք լսում, հերիք չի՞: Ի՞նչ են այդ ուղղությամբ մտածում:ՄԱՆՈՒՇԱԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, 41 տարեկան, զինվորի ծնողՊԱՏԱՍԽԱՆ. Սպանությունների խնդիրը միանշանակ էսպես կարելի է ասել, որ նախաքննության մարմինները, այսինքն` հատուկ քննչական ծառայությունները կամ զինվորական պաշտպանության քննչական ծառայությունը, ո՛չ համարժեք, ո՛չ լիարժեք քննություն են իրականացնում: Եվ մենք էլ բավական դժգոհ ենք: Իսկ ծնողները, բնականաբար, շատ ճիշտ են դժգոհում, ու նաեւ հասարակության դժգոհությունն է շատ տեղին: Իհարկե, մենք չենք կարող երկար սպասել, թե երբ կտան տեղեկությունը` քրեական գո՞րծ է հարուցվում, արդեն մեղադրանք կա՞, թե՞ ոչ: Սա մեզ չի բավարարում: Անհրաժեշտություն է դառնում այդ դեպքում սպանությունների վերաբերյալ հասարակական քննարկումներ իրականացնել, այսինքն` այդ ամենը ամբողջացնել եւ քննարկման առարկա դարձնել: Մենք դա լուրջ հասարակական քննարկման առարկա ենք դարձնելու: Խոսքը ոչ միայն զինված ուժերում սպանություններին է վերաբերում, այլ նաեւ ոստիկանական բաժանմունքներում բռնություններին: Մենք ունենք խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի նորմեր, դա պետք է իրագործելի լինի: Նշանակություն չունի, թե որտեղ են կատարվում այդ բռնությունները, դրա համար պետք է պատժվեն:ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ Իրավապաշտպան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս էլ քանի անգամ իրավապաշտպանները պնդում են հանրային լսումների անհրաժեշտության մասին, սակայն Պաշտպանության նախարարությունը ականջալուր չի լինում: Իսկ թե ինչու է ՊՆ-ն խուսափում հրապարակայնությունից, թերեւս կարելի է ենթադրել. ի՞նչ ասեն: Խաղաղ պայմաններում զինվորները հրազենով կրակում են միմյանց ու սպանում: Ի՞նչ բացատրություն տան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ