Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Տնտեսական հեղափոխություն իրականացնելու եւ, ընդհանրապես, երկրի նորմալ, բնականոն զարգացումն ապահովելու նպատակով իշխանությունները պարտադրված են բարեփոխումներ իրականացնել, ըստ այդմ` պարտադրված են դիմելու կտրուկ քայլերի: Բայց ակնհայտ է, որ այդ բարեփոխումները հասարակության որոշակի շերտերի կողմից միանշանակ չի ընկալվելու, անգամ արժանանալու է դիմադրության` մարդկանց մի հատվածի մոտ իշխանությունների նկատմամբ հարուցելով որոշակի բացասական վերաբերմունք: Ասվածի ամենավառ ապացույցը Օպերային հարող տարածքում սրճարանների քանդումն է:
Թեեւ որոշումը կայացրել է Երեւանի քաղաքապետարանը, այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինը, բայց այդ ամենի պատասխանատուն ողջ իշխանությունն է, քանի որ նման քայլերը քաղաքական որոշումների հետեւանքով են արվում: Ու պատահական չէ, որ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերը տեղ-տեղ վերածվեցին բախումների, հնչեցին իշխանությունների հասցեին վիրավորական խոսքեր: Ավելի վաղ իշխանությունները նախաձեռնեցին փողոցային առեւտրի դեմ պայքար, եւ կրկին որոշ դեպքերում արժանացան դիմադրության:
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է: «Մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր»,- ասել է նա:
Ակնհայտ է, այս ոլորտում էլ կոնկրետ քայլերի դիմելու դեպքում իշխանությունները կարող են որոշակի դիմադրության հանդիպել (ինչպես եղավ նախորդ դեպքերում): Նույնը հիմա սպասվում է պետական կառավարման համակարգի օպտիմալացման դեպքում, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների հետեւանքով կրճատվի նախարարությունների թիվը:
Սակայն նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը (նաեւ Հայկ Մարությանը` որպես Երեւանի քաղաքապետ) ունի բացարձակ լեգիտիմություն: Ընտրությունների արդյունքում (որոնք ճանաչել են բոլորը, նաեւ` պարտված կուսակցությունները) «Իմ քայլը» ստացել է հասարակության ավելի քան 70 տոկոսի քվեն: Ըստ այդմ` իշխանությունն ունի համապատասխան մանդատ համարձակ կերպով իրականացնելու բարեփոխումները: Ավելին` լեգիտիմության նման բարձր աստիճան ունենալով` նույնիսկ պարտավոր է դիմել կտրուկ քայլերի: