Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները վարկառուների ցուցակ են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, որն, ի դեպ, համակարգում է այս աշխատանքները: Այս թեմայի շուրջ ՀԿ ղեկավարը նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ աշխատողները խնդրում են միջամտել, որպեսզի ժամանակավոր կասեցվեն իրենց վարկային պարտավորությունները: Օլեգ Դուլգարյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությանն այս պահի դրությամբ դիմել է 128 քաղաքացի: Նրա խոսքերով` դիմող քաղաքացիների թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ գործարանի մոտ 630 աշխատող վարկային պարտավորություններ ունի:
«Մենք ակնկալում ենք ժամանակավոր կասեցնել տոկոսադրույքերի վճարները, եթե չզիջեն կամ չմիջամտնեն, մենք խնդիրը կհանրայնացնենք»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ «Թեղուտի» հանքավայրի աշխատողների վարկային պարտավորությունների կասեցման հարցով զբաղվում է «Թեղուտի վերաբացման նախաձեռնությունը», որին արդեն դիմել է 20 աշխատող: