ՏՄՊՊՀ-ը վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան. Վրաստանում առկա են փոխադրման խնդիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ, համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ:

Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ, հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ: Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով:




Լրահոս