ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկվա հանդիպումից հետո գազավորված ըմպելիք արտադրողները դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ նրանք կառավարության շենքի մոտ բողոքի ցույցեր էին անում՝ դժգոհելով Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններից: Այդ փոփոխություններով առաջարկվում է 5 տոկոս եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ: Եւ գազավորված ըմպելիք արտադրողները պնդում էին՝ հարկային փոփոխություններն այդ տեսքով ընդունելու դեպքում իրենք ստիպված են բարձրացնել արտադրանքի գինը, ինչն էլ կհանգեցնի սպառման ծավալների նվազման, շուկայից դուրսմղման, իրենց գործարանների փակման:
Երեկվա հանդիպումից հետո գործարարները պնդում են՝ իրենց ու կառավարության ներկայացուցչի միջեւ եղել է փոխըմբռնում, եղել է խոստում՝ Հարկային օրենսգիրքը այս խմբագրությամբ Ազգային ժողով չի գնա, խնդիրը լուծվելու է` ի շահ փոքր ու միջին բիզնեսի: Ավելին, Հարկային օրենսգրքի նոր տարբերակն էլ լինելու է կոմպրոմիսային:
Այսպիսով, պետք է արձանագրենք մեկ կարեւոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արմատապես փոխել է վերջին քսան տարիների կառավարման փիլիսոփայությունը՝ ականջալուր լինելով հասարակության ձայնին: Իշխանությունն այսօր չի խորշում քննարկել ցանկացած խնդիր, ցանկացած բարձրացված հարց: Ավելին, կառավարությունը չի խորշում նաեւ իր սխալներն ընդունելու եւ այդ սխալները շտկելու հարցում: Պատահական չէ, որ նրանք պատրաստակամություն են հայտնել ընդառաջ գնալու գազավորված ըմպելիք արտադրողների պահանջներին եւ փոխելու Հարկային օրենսգրքի նախագիծը:
Նման պահվածքի պատճառը, թերեւս, մեկն է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը չի ընկալում որպես հակառակորդ եւ չի տառապում հասարակությանն ամեն գնով հաղթելու մարմաջով: Սա այն պարզ պատճառով, որ պետության ղեկավարը՝ վարչապետն ինքը, իշխանության ղեկին է հայտնվել բացառապես ժողովրդի կամքով, այլ ոչ թե հասարակությանը հակառակ:
Մինչդեռ ՀՀԿ իշխանությունն, ընդհակառակը, հասարակությանը վերաբերվում էր որպես թշնամու: Ու սա էլ բնական էր. ի վերջո, ՀՀԿ-ն իշխանության ղեկին էր հասարակության կամքին հակառակ, ավելին` իշխանությունների ու քաղաքացիների միջեւ անջրպետը տարիների ընթացքում գնալով ավելի էր խորացել` ի վերջո հանգեցնելով իշխանափոխության: