ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենացները քաղցրանում են. Օպերայի հարակից տարածքի շուրջ աղմկահարույց բացահայտումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային հարող տարածքի սրճարաններն ապամոնտաժելուց հետո կենացները գնալով քաղցրանում են: Երեկ հայտնի դարձավ, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երեւան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին է դիմել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Նա քաղաքապետից խնդրել է տրամադրել Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես` գետնանցումներում եւ զբոսայգիներում, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաեւ առանց համապատասխան թույլտվության եւ ձեւակերպումների տարածքներ եւ հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր եւ տվյալներ:

Դատախազը նաեւ տեղեկատվություն է պահանջել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ:

Փաստորեն, իրավապահ համակարգը վերջապես ձեռնամուխ է եղել նաեւ Երեւանի նախկին իշխանությունների գործողությունների օրինականությունը ստուգելու խնդրին, մի քայլ, որին շատ-շատերն էին անհամբեր սպասում, եւ այն էլ՝ վաղուց: Սպասում էին, որովհետեւ բոլորիս աչքի առաջ մայրաքաղաքի կենտրոնը տարիներ շարունակ հետեւողականորեն ապականվել է: Այնպես որ, այս հարցում դատախազությունն իսկապես լուրջ եւ մեծածավալ աշխատանք ունի անելու, մնում է՝ պահպանված լինեն համապատասխան արխիվային փաստաթղթերը: Այդ դեպքում դժվար չէ կռահել, որ իրավապահների ստուգումների արդյունքում սպասվում են ցնցող, սկանդալային բացահայտումներ, թե, օրինակ, համայնքային բյուջե ինչ ծիծաղելի գումարներ են մուտքագրվել որպես վարձակալության վճար, կամ ինչ ծիծաղելի գումարով են օտարվել տարածքները:

Մինչդեռ չար լեզուները տարիներ շարունակ պնդում են, որ իրականում այդ տարածքների համար շատ ավելի մեծ գումարներ են վճարել, պարզապես դրանք հոսել են համապատասխան անձանց գրպաններ, նաեւ ոչ անհայտ Երեւան հիմնադրամ, որի գործունեության վերաբերյալ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտումներ եղան, բայց եւ գործը շատ արագ մոռացության տրվեց:

Հիմա մնում է` իրավապահներն այս հարցում իսկապես աշխատեն, այլ ոչ թե դատախազությունն ընդամենը քարոզչական նպատակներով փորձի աղմուկ բարձրացնել, քաղաքապետարանից փաստաթղթեր ուզել ու հետո դարակներում պահել:




Լրահոս