ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը կոշտացվել է. հայտնվել են ֆինանսապես վատ վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների մեծ մասը հայտնվել է ֆինանսապես վատ վիճակում, դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան: Բանն այն է, որ ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել եւ ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ:

Մասնագետի խոսքերով` խնդիրը ջրերի ոլորտում վատ կառավարումն է, ինչի հետեւանով փոքր ՀԷԿ-երը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն. չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը եւ, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

«Եթե քաղաքականությունը չփոխվի, եւ որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջեւ կկանգնենք: Փոքր ՀԷԿ-երը բավականին վատ վիճակում են գտնվում հատկապես գետերի այն ճգնաժամային գոտիներում, որոնք, ըստ էության, չեն կարողանում պատշաճ մակարդակով տրամադրել ջրաքանակը: Վերջին ամիսներին ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը բավական կոշտացել է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց ասոցիացիայի ղեկավար Ռոման Մելիքյանը:

Նրա խոսքերով` Եղեգիս գետը մտնում է Արարատյան ջրավազանային տարածքի կառվարման պլանի մեջ: Այնտեղ սահմանված է, որ տարեկան 126.1 մլն խորանարդ մետր ջուր պետք է տրամադրվի էներգետիկ կիրառման, այսինքն` ՀԷԿ-երին: Բայց ստացվում է, որ ՀԷԿ-երը ջուր ստանում են տարվա 3 կամ 4 ամիսներին միայն: «Եթե մենք դա բաշխում ենք տարեկան կտրվածքով, ապա ստացվում է, որ մոտավոր 4 խորանարդ մետր ջուր միջինը պետք է տրամադրեինք ՀԷԿ-երին: Բայց այսօրվա դրությամբ միայն 3 կամ 4 ամիսներին են, որ իրենք կարողանում են մոտավորապես 1.5-2 խորանարդ մետր ջուր ստանալ, այն էլ` գարնան ամիսներին: Իսկ մյուս ամիսներին նույնիսկ մեկ խորանարդ մետր ջուր չեն կարողանում ստանալ, այլ 500-600 լիտր: Այս իրավիճակում իրենք գործունեություն չեն կարողանում ծավալել, ֆինանսական մեծ վնասներ են կրում»,- ահազանգեց Մելիքյանը:

Նշենք, որ յուրաքնաչյուր ՀԷԿ-ի, օրենքով սահմանված կարգով, տրամադրվում է X քանակությամբ ջրօգտագործման թույլտվություն: Օրինակ, եթե X ՀԷԿ-ը պետք է ստանա պայմանական 2.5-3 խորանարդ մետր ջուր, բայց, ենթադրենք, ստանում է 3-ից ավելի, ապա դրա համար ՀԷԿ-ը տուգանվում է: «Գալիս են ու տուգանքի ենթարկում: Մեկ այլ օրինակ. հետագայում նույն ՀԷԿ-ը, ենթադրենք, հոկտեմբերին նշված է, որ պետք է 2 խորանարդ մետր ջուր ստանա, բայց չի ստանում նույնիսկ 600 լիտր: Դրա մասին ոչինչ չի ասվում, լռում են, որ չի ստանում, ոչինչ, սնանկացման եզրին է, կարող է փակվել, խնդիր չէ, բայց տուգանել պատրաստ են»,- իրավիճակը ներկայացրեց Մելիքյանը:
Մասնագետը բարձրաձայնեց նաեւ մեկ այլ խնդրի մասին` սեփականության իրավունքի հետ կապված: Նրա խոսքերով` գյուղերի բնակիչների կողմից դա այլկերպ է ընկալվում:

Ըստ գյուղացիների` փոքր ՀԷԿ-երը գերշահույթ ապահովող տնտեսվարողներ են եւ պետք է իրենց ստացած շահույթի որոշակի հատվածն ուղղեն համայնքի բյուջե: Բայց մեր զրուցակիցը պնդում է, որ օրենքով սահմանված կարգավորում չկա, որ ՀԷԿ-երը նման պարտավորություն են կրում: «Բայց, չնայած սրան, գյուղացիները անցնում են օրենքի սահմանները, մտնում են սեփականության տարածք ու սկսում են սպառնալ ՀԷԿ-երի աշխատակիցներին»,- նկարագրեց մասնագետը:

Զրույցի ընթացքում Ռոման Մելիքյանը հայտարարեց նաեւ, որ ոռոգման կետերում ջրաչափերը բացակայում են: Ի դեպ, նկատենք, որ տեղադրված են ձողաքանոններ, որոնք, սակայն, ցույց չեն տալիս ջրի արագությունը: Ավելին, ըստ Մելիքյանի` որեւէ տեղ ամրագրված չէ, որ ՀԷԿ-երը պետք է այդ ջրաչափերը իրենց միջոցներով ձեռք բերեն ու տեղադրեն: Մասնագետը փոխանցեց, որ Բնապահպանության նախարարությունը ստիպում է, որ դրանք տեղադրվեն նաեւ գետերում:

Ռոման Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց նաեւ, որ ՀԷԿ-երում հարկային ստուգումները շատ անգամ տրամաբանություն չունեն: «Ենթադրենք, ջրաչափեր տեղադրված չեն որոշ փոքր ՀԷԿ-երում, եւ սահմանամերձ գոտում կան տեղակայված փոքր ՀԷԿ-եր, որոնց ջուրը միանգամից գնում է դեպի Ադրբեջան: Ըստ էության, իրենք դա նույնիսկ հաշվում են, որ ընկերությունը ջրառ է վերցրել, այնինչ այդ ջրառը որեւէ համայնքին չի գնում, այլ գնում է Ադրբեջան: Սա խախտում են համարում ու տուգանք են սահմանում: Մենք 80 մլն դրամի չափով տուգանքի օրինակ ունենք: Եւ այս ամիսների ընթացքում նման բնույթի գործեր դատարաններում վիճարկվել եւ վիճարկվում են»,- տեղեկացրեց Ռ. Մելիքյանը:

Զրույցի ավարտին մասնագետը մեծ ափսոսանքով նկատեց, որ այս պահին հստակ 12 ՀԷԿ գտնվում է ֆինանսապես վատ վիճակում եւ բռնել է սնանկացման ճանապարհը: Ապա նկատեց, որ դրանց թիվը գնալով ավելանում է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս