Գրոսմայստերը բացահայտում է շախմատային ֆեդերացիայի անունից հնչեցված ստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, լրատվամիջոցներով մեկնաբանելով ֆեդերացիայի դեմ իմ ներկայացրած դատական հայցը, ֆեդերացիայի անունից արել է հայտարարություններ, որոնք բացարձակ սուտ են: Եւ վիրավորական է, երբ բացահայտ սուտ է խոսում մի անձնավորություն, որն անմիջական մասնակից է եղել այս ողջ իրադարձություներին, քաջատեղյակ է ամեն ինչից, բայց հիմա իրեն թույլ է տալիս խեղաթյուրված ներկայացնել իրականությունը: Ես հասկանում եմ, որ սրանով ֆեդերացայում ցանկանում են ինչ-որ կերպ արդարացնել իրենց գործողությունները՝ որոշ մարդկանց ու հանրության մոտ: Սակայն ինչպես ասում են ստի ոտքը կարճ է լինում:

Նա հայտարարել է, թե ֆեդերացիայի անունից ինձ առաջարկվել է 2018 թ. համար մոտ 2 մլն 300 հազար դրամի սոցիալական օգնություն, բայց իբր ես մերժել եմ՝ դատական գործընթաց սկսելու համար: Սա բացարձակ սուտ է: Ֆեդերացիայից որեւէ մեկը, այդ թվում նա, նման առաջարկ չեն արել:

Միքայելը միայն մեկ անգամ է զանգահարել ինձ՝ նախորդ տարվա հունիսին, եւ ասել, որ ֆեդերացիան առաջարկում է երեք ամսվա հավաքականի անդամին հասանելիք գումարի չափ ի դեպ իմ գործակցից ավելի պակաս, հարցրել եմ ինչ հիմունքներով չի պատասխանել: Հիմա նշում է դատարան մեր կողմից ներկայացված այն գումարի չափը, որը ես հավաքականում լինելով հանդերձ պետք է ստանայի ու ասում է մի քիչ քիչ են առաջարկել:

Ասեմ, որ վերոնշյալ գումարը, որը մենք հայցադիմումով պահանջում ենք ամսական 175.000 դրամ 12 ամսվա կտրվածքով, ինձ որպես հավաքականի անդամ չվճարված գումարն է գումարած հավաքականի անդամներին տարեկան մրցաշարերին մասնակցության համար տրամադրվող 1400 դոլլարը:

Սուտ է, որ դատարանին ասել են, թե պատրաստ են վճարել գումարը:

Մինչ դատարան հայցադիմում ներկայացնելը իմ փաստաբանը՝ Նորիկյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակի ղեկավար Նորայր Նորիկյանն ըստ կարգի դիմել է ֆեդերացիա՝ մատնանշելով օրենքի խախտումներ եւ առաջարկելով վերականգնել իմ իրավունքները: Սակայն օրենքով նախատեսված մեկ ամսվա ընթացքում ֆեդերացիան չի պատասխանել նամակին, ինչպես անպատասխան է թողել նախկինում իմ նամակ-հարցումները՝ տրամադրելու ֆեդերացիայի խորհրդի նիստի արձանագրությունը:

Ահա դատարանում ֆեդերացիայի գործադիր տնօրենի կողմից ստորագրված փաստաթղթում նրանք նշում են. <<Հայաստանի շախմատի ֆեդերցիան պատրաստ է Լիլիթ Գալոյանին տրամադրել մայիսից-սեպտեմբեր ամիսների սոցիալական պաշտպանվածության օգնությունը՝ յուրաքանչյուր ամսվա համար 70.000 ՀՀ դրամ, ընդհանուր 350.000 դրամ>>:

Այս 70.000-ը ստանում են գրոսմայստերները, եթե հավաքականի անդամ չեն հանդիսանում:
Ֆեդերացիայում կարծես դեռ չեն հասկացել իմ հայցադիմումի պահանջը, ոչ թե այն է, որ ինձ 2018թ. ընդգրկեին հավաքականի կազմում (ես տաս տարի անընդմեջ թիմի անդամ էի), այլ այն որ կանոնադրությանը չհամապատասխանող, ապօրինի որոշումների հիման վրա իրավունք չունեին դուրս հանել ինձ հավաքականից:

Մինչ այս դեպքը եղել են հավաքականի անդամներ, որ հղիության պատճառով չեն մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, սակայն հավաքականից դուրս չեն հանվել: Եղել է, որ բանակցությունների արդյունքում որոշվել է փոխարինել, բայց դուրս հանել չի եղել: Ֆեդերացիա գրածս նամակից հետո հանդիպում է եղել ինձ հետ, որտեղ հաստատել են՝ չեն վերականգնելու: Ամուսինս (որի նախկինում ընդիմադիր լրագրող է եղել եւ հիմա այդ փաստը ոմանք շահարկում են՝ խնդրին քաղաքական երանգ տալու համար), տանը տեսնելով իմ ապրումները փորձել է որեւէ կերպ շտկել իրավիճակը, ֆեդերացիայի առաջին տեղակալի հետ հանդիպմանը խնդրել է, որ գոնե հավաքականի մարզիչների մարզումների հնարավորությունից չզրկեն, ինչը եւս մերժվել է: Այսքանից հետո արդեն դադարեցրել եմ ֆեդերացիայի հետ բարոյական բանավեճն՝ այն տեղափոխելով բացարձակապես իրավական հարթակ:

Տպավորություն է, որ ֆեդերացիայում սպասել են, որ ես այսքան տարիների ընթացքում մի անգամ սայթաքեմ, ընդամենը մեկ մրցաշարի չմասնակցելով եւ իրենք ինձ անհարգի կերպով դուրս հանեն հավաքականից:
Ասեմ, որ չեն համապատասխանում իրականությանը նաեւ այն հայտարարությունները, իբրեւ ինձ առաջարկել են մասնակցել մեկ այլ մրցաշարի եւս, որ ես հունվարից մայիս ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել, որ ես գտվել եմ հղիության 9-րդ ամսում: Չեմ ուզում հիմա մանրանալ այս ամենի մեջ, նշեմ որ այս մասին փաստաթղթեր եւս առկա են, եւ անհրաժեշտության դեպքում ես դրանք կարող եմ տրամադրել:

Ի դեպ armtimes.com կայքում Միքայելի մեկնաբանությունները տեսնելուց հետո ես ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում եմ կատարել` պատասխանելով անամոթ ստերին: Դրանից հետո նա զանգահարել է ինձ ասել է, որ իմ հանդեպ չունի անձնական հակակրանք, որ ես անձամբ գիտեմ, թե ովքեր են այդ որոշումը կայացրել նիստին ու ինքը կապ չունի դրա հետ եւ այլն:
Ուզում եմ ասել, պարոնայք ֆեդերացիայի ղեկավար անձինք բավական է պղտորեք մթնոլորտը:

Լիլիթ Գալոյան
Կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ




Լրահոս