ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Հայաստանի շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, շախմատի տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը:

-Դուք երկար տարիներ եղել եք կանանց հավաքականի անդամ, հանդես եկել երրորդ խաղատախտակին, սակայն այս տարի ընդգրկված չէիք Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում, չմասնակցեցիք օլիմպիադային: Ինչո՞ւ:
-Ֆեդերացիայի այդ որոշումն առնվազն ինձ համար կասկածելի է իրավաչափության տեսանկյունից: 2017թ. դեկտեմբերին ֆեդերացիայում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում փոփոխություններ են մտցվել տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների կազմավորման կարգի մեջ: Ինչպես նշել է ֆեդերացիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն ուղղված նամակում, որոշման հիմք է հանդիսացել 2017թ. թիմերի մրցելույթները:
-Դուք ի՞նչ արդյունք եք գրանցել:
-2017թ. կանանց Եվրոպայի թիմային առաջնությունում միավորների քանակով թիմի հինգ անդամներից գրանցել եմ լավագույն արդյունքը` 7 խաղից 4,5 միավոր, երբ հաջորդ լավագույն արդյունքը Էլինա Դանիելյանինն էր` 9 խաղից 4,5 միավոր, եւ, ընդհանուր առմամբ, 2017թ. մրցաշրջանն ինձ համար եղել է բարեհաջող: Այդպիսով, տեսել եմ կողմնակալ մոտեցում իմ անձի վերաբերյալ, քանի որ տղամարդկանց հավաքականում փոփոխություն կատարվել է միայն նախորդ տարիներին անհաջող հանդես եկած մասնակցի հետ կապված, եւ այնտեղ հավաքականի մյուս անդամներն այլ մասնակցի անհաջող խաղից ֆեդերացիայի որոշման հետեւանքով ինձ նման չեն տուժել:
-Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը:
-Մայիսի 2-ի որոշմամբ ձեւավորվել է կանանց ազգային հավաքականի վերջնական կազմը: Բայց մայիսյան այդ որոշումը ինքնին վիճարկելի է, քանի որ այն հետեւանք է 2017թ. դեկտեմբերյան որոշման, ինչը անցկացվել է լուրջ խախտումներով: Ֆեդերացիայի անդամ այն մարդիկ, ովքեր ներկա են եղել, ի՞նչ իրավասություններ ունեն նման որոշում կայացնելու, ո՞ր հանձնաժողովն է կայացրել այդ փոփոխությունները: Այդ հարցերի պատասխանը չկա: Այնպես չի լինում, որ ֆեդերացիայի անդամ մի խումբ մարդիկ հավաքվեն եւ որոշումներ կայացնեն, ինչպիսի բարձր պաշտոններ ունենան նրանք: Ֆեդերացիայի որոշումները պետք է կայացվեն օրենքով եւ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանված կարգով: Ավելացնեմ, որ քննարկմանը ներկա չեն եղել կանանց հավաքականից ոչ-ոք, անգամ մարզիչը, իսկ մեկ-երկու ամիս առաջ լուծարվել է կանանց հանձնաժողովը:
-Սակայն ֆեդերացիան Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ուղարկած իր պատասխանում նշել է, որ հիմք է ընդունել 2018թ. հունվարից մայիս ժամանակահատվածի շախմատիստների մրցելույթները եւ մարզիչների առաջարկները, նոր կայացրել վերջնական թիմի կազմավորման որոշումը: Իսկ ձեզ թիմում չընդգրկելու պատճառներ է նշված հղիությունը, որ ապրիլին չեք մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, օլիմպիադայի ժամանակ էլ հնարավոր չէ ապահովել ամբողջական մարզական պատրաստվածություն:
-Նախ` իրենք ինչպե՞ս են որոշում իմ մարզավիճակը: Արդյոք իրենք կարծում են, որ մարզավիճակս վատ է միայն այն պատճառով, որ ես հղի եմ եղել: Սա առնվազն տարօրինակ ու ոչ համարժեք հիմնավորում է: Եթե նախկինում թիմի անդամներից եղել են իմ կարգավիճակում, չեն հեռացվել թիմից հղիության կամ առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Դա հիմնավորում էլ չէ, այլ ինչ-որ մարդու կամ գուցե ինչ-որ խմբի կարծիքի ու ցանկության ներկայացում` որպես հիմնավորում: Հղի կնոջը հեռացնել հավաքականից միայն հղի լինելու համար նշանակում է մոտավորապես նույնը, ինչ հղի կնոջն ազատել աշխատանքից կամ այլ ցանկացած տեսակի դիսկրիմինացիա միայն հենց հղիության համար, ինչը հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է: Եւ այսօր այդ ամենի հետեւանքով զրկվել եմ ոչ միայն թիմում հանդես գալու, այլեւ որպես թիմի անդամ ամենամսյա թոշակից, հավաքականի մարզիչների մոտ պարապելու եւ մրցաշարերի մասնակցության ֆինանսավորման հնարավորություններից: Եւ հետո` իրենք ծածանում են իմ հղիությունը, բայց խնդիրն այլ է:
-Այսի՞նքն:
-Խնդիրը ֆեդերացիայի որոշումների օրինականությունն է: Ֆեդերացիան, նշելով, որ մարզիչների առաջարկով է որոշում կայացրել, իրականում փորձում է շեղվել պատասխանատվությունից: Առաջարկելը որեւէ մեկին արգելված չէ: Հարցն այլ է. ո՞ր որոշման հիման վրա են մարզիչներին ասել ներկայացնել առաջարկներ, արդյոք գոյություն ունի՞ նման որոշում: Ֆեդերացիան այդ մասին ո՛չ փաստաթուղթ, ո՛չ էլ արձանագրություն չի տրամադրել: Խնդիրը հենց դա է:
Ես գրավոր դիմում եմ ներկայացրել՝ ՀՀ սահմանադրության համաձայն ֆեդերացիայից պահանջելով թիմի կազմավորման հետ կապված փաստաթղթերի պատճեները՝ նիստերի արձանագրությունները, հավաքականների կազմավորման կարգերը եւ ֆեդերացիայի կանոնադրությունը: Նշված փաստաթղթից ոչ մեկը մինչ օրս չեմ ստացել` չնայած ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք առնվազն ֆեդերացիայի կանոնադրությունը պետք է տրամադրեին հնգօրյա ժամկետում:
Եթե այդ որոշումները կայացվել են օրինական ճանապարհով, եւ գոյություն ունեն համապատասխան փաստաթղթերը, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չեն տրամադրել դրանց պատճեները:
Մինչեւ օլիմպիադան ֆեդերացիան, ինձ տարբեր պատասխաններ տալով, փորձել է ժամանակ շահել այդ ընթացքում փաստաթղթերը ստեղծված իրավիճակին ետին թվով համապատասխանեցնելու համար: Իմ պահանջած փաստաթղթերի միայն մի մասը, որ ֆեդերացիայի կայքում հայտնվել են դիմումիցս բավական ուշ` օգոստոսին, դրանցում կեղծիքն առավել քան ակնհայտ է:
Մասնավորապես, դրանցից մեկի՝ ՀՇՖ կանոնակարգի վրա չկա ժամկետ եւ ստորագրություն, այն արդեն իսկ փոփոխության է ենթարկվել մինչ այդ կայքում առկա նախատիպից, եւ դեռ պարզ չի` քանի փոփոխության դեռ կենթարկվի:
Իսկ մյուսը, որն առավել կարեւոր է, ֆեդերացիայի կանոնադրությունն է, որը օգոստոսին հանկարծահաս հայտնվեց ֆեդերացիայի կայքում, իր նախատիպից 11 տարի անց, այն էլ այդ փաստաթուղթը ետին ամսաթվով էր՝ 2017թ. հուլիսի 8: Ֆեդերացիան կայքում հմտորեն կամ միամտորեն թաքցնում է, որ փաստաթուղթը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցմանն ուղարկվել է մեկ տարի անց միայն՝ 2018թ. հուլիսին, եւ այն, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հենց գրանցում ստանալու օրվանից:
Այսինքն՝ եթե անգամ նրանք փոփոխված կանոնադրության համապատասխան են գործել, չեն ունեցել դրա իրավունքը, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ կանոնադրությունը պետական գրանցում է ստացել եւ գործածության համար ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի վերջերից նոր միայն:
-Ֆեդերացիայի այդ քայլերից հետո ի՞նչ եք պատրաստվում անել:
-Անկեղծ՝ այսօր չեմ ուզում ֆեդերացիա անվանել մի խումբ մարդկանց, ովքեր կոպտորեն ոտնահարում են ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, ովքեր ետին թվով փաստաթղթեր են ներկայացնում` մոլորության մեջ գցելով պետական կառույցներին, ոտնահարում մարզիկների իրավունքները: Թե հանուն ինչի են անում այս ամենը, չգիտեմ: Ես 12 տարի եղել եմ ազգային հավաքականի անդամ, ունեմ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում, կին շախմատիստուհիներից տղամարդկանց բարձրագույն կոչումներ ՀՀ-ում ունեն միայն առաջատար շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, հավաքականում ու ֆեդերացիայում անհատական լավ հարաբերություններ ունեմ շատերի հետ:
-Իսկ ինչո՞ւ եք հիմա նոր խոսում այդ մասին:
Այս ընթացքում գտնվել եմ առավելագույն մեկուսացած վիճակում, արհեստականորեն ինձ հեռու էի պահում շփումներից, թեկուզ շատ էի ցանկանում խոսել այս ամենի մասին: Ֆեդերացիայի կողմից ստեղծած լարվածությունը դժվար էր համատեղել այն հանգստության հետ, որը պահանջվում է առողջ հղիության մթնոլորտի համար: Կարծես դա մի շախմատային պարտիա էր, որը տեղափոխվել էր օրենսդրական դաշտ. պետք էր զգոն սպասել եւ գուշակել, թե որտեղ են խախտվելու խաղի կանոնները:
Սա առաջին նման դեպքը չէ, որ կատարվում է իմ հանդեպ: Ուղղակի հիմա` տարիներ անց, չեմ պատրաստվում համակերպվել, նման դեպքեր եղել են տարբեր տարիներին տարբեր շախմատիստների հետ, անգամ 2002թ. Լեւոն Արոնյանին թիմ չէին վերցրել` մեջբերելով անհասկանալի պատճառաբանություն: Ուզում եմ վերջ դրվի այս ամենին, եւ ֆեդերացիան գործի օրենքի սահմաններում:
Որպես ՀՀ քաղաքացի` այժմ պաշտպանելու եմ իմ ոտնահարված իրավունքները: Արդեն դիմել եմ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ օրենսդրության ոտնահարմամբ կայացված ֆեդերացիայի որոշումները:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԻ ԳԱԼԻՍ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջվա պես չի կարողանում համաձայնության գալ դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ գործող պայմանագրի երկարաձգման շուրջ: Իսպանացի դարպասապահը հրաժարվում է բանակցություններ վարել ակումբի հետ, քանի որ գոհ չէ վերջին շրջանում թիմի գրանցած արդյունքներից: Եթե կողմերն այդպես էլ համաձայնության չգան, ապա դե Խեան կարող է անվճար հիմունքներով հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» 2020 թվականի ամռանը: Հնարավոր է նաեւ, որ մանկունացիներն ավելի շուտ բաժանվեն դարպասապահից նրա տեղափոխությունից եկամուտ ստանալու համար: Նշենք, որ Դե Խեայի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը` եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն եւ «Յուվենտուս»-ը:

 

 

ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել երգիչ Դիմա Բիլանին: Երգչին կոչումը շնորհվում է «ազգային մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության» համար: Հիշեցնենք, որ Դ. Բիլանն էստրադային հայտնի երգիչ է: Ծնվել է 1981 թվականին: Երկու անգամ ներկայացրել է Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` 2006 եւ 2008թթ.:

 

 

ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է ամերիկյան MLS-ի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել շվեդ ֆուտբոլիստի` «Լոս Անջելես»-ի հետ տնային խաղում 91-րդ րոպեին հեղինակած հաղթական գոլը: Ի դեպ, այդ գոլն առաջինն էր Իբրահիմովիչի համար MLS-ում:
Նշենք` 37-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաեւ MLS-ի` 2018թ. լավագույն նորեկ, ինչպես նաեւ ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հետ, որը ներկայացնում է «Դի-Սի Յունայթեդ»-ը: Իբրահիմովիչն այս տարվա մարտին է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի»: Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողն ամերիկյան թիմի կազմում 27 հանդիպման է մասնակցել, իր ակտիվում գրանցել է 22 գոլ եւ դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Իբրահիմովիչը հանդես է եկել նաեւ «Այաքս»-ում, «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում, «Բարսելոնա»-ում, «Միլան»-ում, ՊՍԺ-ում եւ այլ ակումբներում:




Լրահոս