Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Նույն ճակատագրին է արժանացել նաև Վանաձորի թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը։
Ագնեսա Շահնազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` ասելով, որ իրեն ազատել են, քանի որ պայմանագրի ժամկետը լրացրել է: Հարցին` արդյոք ինքը ցանկություն չի՞ ունեցել շարունակելու, Շահնազարյանը բացասական պատասխան տվեց:
«Ես էլ ցանկություն չունեի շարունակելու աշխատել այժմյան նախարարության հետ, որովհետեւ բարդ է, որովհետեւ ոլորտից ոչ հասկացող մարդիկ են, եւ մաքսիմալ ինչ-որ խնդիրներ են ստեղծվում»,- ասաց նա:
Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունից, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, փոխանցեցին, որ լրացել է պայմանագրի ժամկետը, նոր պայմանագիր չի կնքվել: Թե ով կփոխարինի Շահնազարյանին, առայժմ չմանրամասնեցին:
Լուսինե Մինասյան