«Իմ քայլը» դաշինքով Գեղարքունիքի մարզից մանդատ ստացած Վարզադատ Կարապետյանը նախկին իշխանությունից նոր կառավարություն տեղափոխվածներից մեկն է: Նա, կարելի է ասել, նախկին կառավարության առաջին ծիծեռնակն էր, որը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարական տվեց 2018թ. մայիսի 1-ին:
Մայիսի 1-ին, հիշեցնենք, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստ էր հրավիրվել, եւ ՀՀԿ-ն առաջին անգամ տապալեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ Կարապետյանը համացանցում հայտարարել էր. «Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող. կրկեսի վերածելու կյանք չունեմ։ Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել, դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»։ Արդեն հունիսի 11-ին Կարապետյանը նշանակվեց վարչապետ Ն. Փաշինյանի` հասարակական հիմունքներով խորհրդական։ Այժմ արդեն նա պատգամավոր է դարձել: Նոր խորհրդարանի գոյության այս կարճ ընթացքում նա արդեն իսկ հասցրել է ԱԺ-ում մի քանի ուշագրավ ելույթ ունենալ: Մասնավորապես, երբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հարցն էր քննարկվում, նա ծափահարություններով ընդհատված ելույթ ունեցավ` տարակուսելով, թե ինչ իմաստ ունի օրեր շարունակ տարատեսակ հարցերով «քրքրել» նախագահների թեկնածուներին, եթե միեւնույն է, հանձնաժողովում այս կամ այն հարցի քննարկումը կոնսենսուսի սկզբունքով է տեղի ունենալու։ Եթե անկեղծ, ապա Կարապետյանը միանգամայն ճիշտ է:
Մինչեւ հեղափոխությունը
Ծնունդով Սեւանից, արտաքինից հույն հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսին նման, հանդարտ ու պոետիկ դիկցիայով Կարապետյանը երկար տարիներ աշխատել է պետական ապարատում։ ԵՊՀ-ն ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրան ավարտած, տնտեսագիտության թեկնածու 44-ամյա Կարապետյանը հասցրել է աշխատել, ինչպես ընդունված է ասել, թե՛ ՀՀՇ-ի, թե՛ «ղարաբաղյան ծագմամբ» իշխանության օրոք։ Պետական ապարատում աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ կենտրոնական բանկում՝ 1995-1996 թթ, սկզբում եղել ԿԲ բաժիններից մեկի մասնագետ, ապա նախագահի օգնական: Այդ տարիներին ԿԲ նախագահը Բագրատ Ասատրյանն էր։ Նա աշխատանքային գործունեությունը շարունակել է մասնավոր բիզնեսի ոլորտում։ 1996-1997 թթ. եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ` Մոսկվայի «Տեխնո-ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն: Ուշագրավ է, որ այս երկու ռուսաստանյան ՍՊԸ-ներում աշխատելու մասին որեւէ հիշատակում չկա ԱԺ կայքում ներկայացված նրա կենսագրականում։ Կարապետյանն այնուհետ՝ 1999-2000 թթ., եղել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետը, 2000-2002 թթ.` «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարիչը, 2003-ին դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու: Նա շուրջ մեկ տարի՝ 2011-2012 թթ., եղել է նաեւ մեկ այլ վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի խորհրդականը։ 2012-2014 թթ.Կարապետյանը ղեկավարել է ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը: Կարապետյանը փորձագիտական աշխատանքի փորձ ունի կուտակած, աշխատել է «Հայկական Կարիտաս»-ում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), AtosConsulting ընկերությունում, որպես միջազգային փորձագետ՝ եղել է մի շարք միջազգային ծրագրերի համակարգող ՀՀ-ում, Պաղեստինում, Հորդանանում, Մարոկկոյում, Վրաստանում: 2014 թ. հուլիսին Կարապետյանը նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ, 2017թ. հուլիսից էլ կրկին գործի է անցել կառավարությունում՝ նշանակվելով ՏԿԶ նախարարի՝ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի տեղակալ։
Մասնագիտական որակներ
Կարապետյանը, իր շրջապատի մարդկանց բնորոշմամբ, հայտնի է որպես պարկեշտ, հումորով, ծով համբերությամբ, սուր անկյունները հարթեցնող, ստանդարտ իրավիճակներին ոչ ստանդարտ լուծումներ առաջարկող մասնագետ, ոմանք էլ նրան համարում են ուտոպիստ, որի արտահայտած որոշ մտքեր հակասության մեջ են տնտեսագիտության այբուբենի հետ։ Օրինակ, երբ նա արծարծեց ներդրումների շատ ցավոտ թեման` ասելով, թե. «Դրսի ներդրման նպատակը շահույթ ստանալն է, իսկ մենք ուզում ենք երկիր, որտեղ ժողովուրդը երջանիկ է», որոշ տնտեսագետներ նրան քննադատեցին՝ ինչպե՞ս կարող է ժողովուրդը լինել երջանիկ առանց տվյալ երկրում շահույթ հետապնդող ներդրումների բացակայության։ Նա ՀՀ համայնքների խոշորացման, դրանք տնտեսապես զարգացնելու ջատագովներից է եւ մշակել ու կառավարիչների սեղանին է դրել «Տեղական տնտեսական զարգացում» ձեռնարկը։ Նա նաեւ պետական կառավարման ուռճացված ապարատի օպտիմալացման ջատագովներից է։
Կարապետյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ Կառավարությունը չպետք է աշխատատեղ ստեղծի, այլ պետք է միջավայր ապահովի,որտեղ մասնավոր հատվածը կստեղծի աշխատատեղեր:Ի դեպ, երբ Կարապետյանը դեռեւս մոտ մեկ ամսվա փոխնախարար էր, նա այդ օրերին ուշագրավ մի հայտարարություն արեց. Ամասիայի տարածաշրջանի գյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պնդեց, որ «Հայաստանում իրականում շատ փող կա» ե՛ւ ֆինանսական համակարգում, ե՛ւ պետբյուջեում, ե՛ւ տեղական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների մոտ, «ուղղակի այդ փողը ներդրվում է ոչ համակարգված»։ Նա հասկանալով, որ տնտեսական զարգացման ծրագրեր մշակելու հարցում համայնքների բնակիչները ծուլանում են` փորձում էր առաջ քաշել եւ նախորդ տարվանից՝ 2018-ից, գործողության մեջ դնել համայնքներում տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտը, որոնք, ունենալով համապատասխան գիտելիքներ, պետք է ծրագրեր կառուցեին եւ ներկայացնեին միջազգային դոնոր կազմակերպություններին։
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՉԵՆ ՎԱՐՁԱՏՐԵԼ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները դեռեւս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը: Դպրոցների աշխատողները նախորդ ամսվա աշխատավարձը սովորաբար ստանում են մինչեւ հաջորդ ամսվա 4-ը: Աշխատավարձի ուշացումը շատ ուսուցիչների անհանգստացրել է, որովհետեւ նրանցից շատերը բանկերում վարկային պարտավորություններ ունեն, եւ հիմա հերթական մուծումը կատարելու ժամկետն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ ամեն տարվա սկզբին դպրոցների աշխատավարձի վճարման որոշ ուշացում է եղել: Նաեւ ասաց, որ Ֆինանսների ու Կրթության եւ գիտության նախարարության միջեւ հարաբերություններում հաշվապահական նոր համակարգեր են ներդրվում, որը եւս աշխատավարձերի վճարման ուշացման պատճառ է:
«ՍՊԵՑՆԱԶԻ» ՀԵՏ
Արդեն մի քանի օր է` Տավուշի մարզի տարածքում ծառայություն իրականացնող պետավտոտեսուչների մի մասը ավտոճանապարհներին ծառայություն է կատարում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման դիմակավորված ծառայողների հետ: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համատեղ ծառայության նախաձեռնությունը իրենցը չէ: Ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայտնեց, որ համատեղ ծառայությունն իրականացվում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու, հանցավոր տարրերի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ այլնի համար:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Փետրվարի 4-ին Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը որոշել է պետական բյուջեի միջոցներից սոցիալական աջակցության նպատակով 54 քաղաքացիների միանվագ դրամական օգնություն հատկացնել ընդհանուր 1 միլիոն 870 հազար դրամի չափով: Այդ որոշումը եւ դրա հավելվածը զետեղված են Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Այդ 54 քաղաքացիներին աջակցության գումարները տրվել են 10-50 հազար դրամի չափով: 2018թ. դեկտեմբերի վերջին Տավուշի արդեն նախկին մարզպետ Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, որով ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել: Այդ 3 որոշումներով մարզի սոցիալապես անապահով 352 քաղաքացիներին հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Եթե փետրվարի 4-ի որոշմամբ սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին տրվել է առավելագույնը 50 հազար դրամ, ապա նախորդ տարեվերջին քաղաքացիներին մեծ չափի գումարներ են տրվել` 500 հազար դրամ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՍՆՆԴԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է 19 ՀԻՎԱՆԴ
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ընկերությունը «Հայարփի Քալանթարյան» Ա/Ձ-ի կնքած պայմանագիրը միակողմանի լուծարել է: Պատճառը կենտրոնի հիվանդների սննդային թունավորումն է: Իսկ նշված Ա/Ձ-ի հետ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը» անցած տարվա մարտի 1-ին է պատրաստի սննդի մատակարարման մատուցման պետական գնման պայմանագիր կնքել:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ հոկտեմբերի 5-ին նարկոլոգիական կենտրոնում 19 հիվանդի մոտ տեղի է ունեցել սննդային թունավորում: Պատճառները հայտնաբերելու նպատակով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել են համապատասխան հետազոտություններ:
Սննդամթերքի մանրէաբանական հետազոտության արձանագրության համաձայն` մսով բորշի մեջ հայտնաբերվել է պայմանական պաթոգեն մանրէներ: Ավելին, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից թունավորված հիվանդներից 4-ը ենթարկվել են մանրէաբանության, վարակակրության վերաբերյալ հետազոտության, մյուս թունավորվածներից 15 հոգի հրաժարվել են հետազոտություններից: Եւ իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր հետազոտված հիվանդների մոտ հայտնաբերվել է Salm.enteriditus տիպի մանրէներ:
Բացի այս, նարկոլոգիական կենտրոնն այդ Ա/Ձ-ի ներկայացուցչի հետ համատեղ մատակարարված սնունդը մանրէաբանական հետազոտության նպատակովհանձնել է փորձարկման լաբորատորիա: Արդյունքում, մակարոնով ապուրի, հավի մսով, ցորենաձավարով հարիսայի եւ մասուրի հյութի մեջ հայտնաբերվել են անհամապատասխանություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ընկերությունը Ա/Ձ-ին առաջարկել է վերացնել թերությունները եւ զգուշացրել է, որ նմանատիպ խնդիրները կրկնվելու դեպքում միակողմանի կլուծարի պայմանագիրը: Սակայն Ա/Ձ-ի կողմից մատակարարված պատրաստի սնունդը դարձյալ ենթարկվել է լաբորատոր հետազոտության, եւ պարզվել է, որ կարտոֆիլով եւ մսով սոուսի եւ թանի մեջ հայտնաբերվել են անհամապատասախանություններ: Արդյունքում ընկերությունը դեկտեմբերի 7-ից միակողմանի լուծարել է պատրաստի սննդի մատակարարման մատուցման պետական գնման պայմանագիրը` այդպես պատժելով ընկերությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ