Հանրային ուշադրությունը վերջին երկու օրերի հանգամանքների բերումով բեւեռվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ: Շաբաթներ առաջ ապամոնտաժվեցին թատրոնին հարակից սրճարաններից մի քանիսը, այժմ էլ «ապամոնտաժումը», բառիս բուն իմաստով, թափանցել է օպերայի շենքից ներս՝ հասնելով դրա տնօրենին:
Մասնավորապես, մշակույթի նախարարի պաշտոնակատար Ն. Ղարիբյանի որոշմամբ` Կ. Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, սակայն շարունակելու է գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնում իր աշխատանքը: Այսինքն՝ կրճատվել է նրա զբաղեցրած պաշտոններից ընդամենը մեկը: Մշնախն իր որոշման հիմքում վկայակոչել է մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր, որոնց խախտմամբ էլ իրավասու մարմինը Օրբելյանին նշանակել է այդ պաշտոնին. դրանք են, մասնավորապես, «Լեզվի մասին» (Օրբելյանը ռուսախոս է), «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքները։
Ստացվում է, որ աշխարհահռչակ արվեստագետի անձի շուրջ այս տհաճ աժիոտաժի մեղավորը նրան օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակողներն են, որոնք էլ պետք է կիսեն այս ամենի իրավական-բարոյական պատասխանատվությանը: Թատերական (ոչ միայն) համայնքը սվիններով ընդունեց Ղարիբյանի որոշումը, ինքը՝ Օրբելյանն էլ հայտարարեց, որ իրեն «նշանակել է պետությունը», եւ կողմ է, որ իր հարցը որոշի թատրոնի կոլեկտիվը, ոչ թե Մշակույթի նախարարությունը։
Օրբելյանի ազատմանն ընդդիմացողներն էլ երկու հիմնական հակափաստարկներ են բերում` առաջին` մաեստրոն ազատվել է նախկին իշխանության կողմից նշանակված լինելու պատճառով, երկրորդ՝ Օրբելյանն անփոխարինելի է, նրա օրոք թատրոնը վերջապես սկսեց շնչել, հետեւապես նրա հեռացումը տնօրենի պաշտոնից թատրոնը կհասցնի շնչարգելության: Բնավ չենք կասկածում մաեստրոյի բազմաշնորհությանն ու չենք նսեմացնում նրա վաստակը օպերայի վերջին մեկ-երկու տարիների կյանքում, սակայն նաեւ համաձայն չենք բերվող հակափաստարկներին, քանի որ դրանք դեմ են օրենքի առաջ անխտիր բոլորի հավասար լինելու սկզբունքին:
Արդյոք որեւէ արվեստագետ կամ այլ գործիչ, որքան էլ վաստակավոր կամ անփոխարինելի լինի, կամ պատրաստ, ասենք, ՀՀ օպերայի թատրոնին «Լա Սկալայի» կամ «Լոնդոնյան Կոլիզեում»-ի հռչակը բերելու, կարո՞ղ է վեր դասվել օրենքից: Մինչ հեղափոխական ՀՀ-ում եթե անգամ արտոնյալ, իրենց օրենքից դուրս հայտարարած պաշտոնյաներ կամ կոլեկտիվներ կային, ապա նույն բարքերը նոր Հայաստանում հանդուրժելու նախադեպեր այլեւս չպետք է լինեն, եւ, ի վերջո, եթե մարդն անփոխարինելի է, ապա օրենքները միշտ էլ ենթակա են փոփոխման: