Ապրիլյան պատերազմի նախօրյակին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նյույորքյան հայտարարությունը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ զորավարժություն, որի միջոցով ցուցադրվեց ոչ թե ՀՀ ՊՆ-ի զինատեսակների պահեստների պարունակությունը, այլ «հողին հանձնվեցին» հող հանձնելու մասին զրույցները: «Այդ ձեւաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», ես այսօր վերաձեւակերպել եմ. մենք հակառակն ենք անելու՝ նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց»,-ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր Տոնոյանը՝ հավելելով. «Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»: Նախարարի այս ելույթը շատերը ողջունեցին, ընդ որում՝ նաեւ իշխանությունների ռադիկալ քննադատներից ոմանք, ոմանք էլ այն արկածախնդրություն որակեցին, ինչն ի սկզբանե սխալ ռելսերի վրա դրեց ՀՀ բանակցային մարտավարությունը:
Բայցեւայնպես, այս զիլ հայտարարությունը երկու կարեւոր խնդիր լուծեց. կոտրեց ՀՀ-ի՝ զիջումների պատրաստ երկրի վերաբերյալ արմատացած կարծրատիպը, եւ երկրորդ՝ ի չիք դարձրեց ամիսներով գեներացվող այն սին կասկածները, թե նոր իշխանությունները Ալիեւի հետ ստվերային գործարք են կնքել եւ ուր որ է հանձնելու են Արցախը: Նկատենք, որ 2017թ.-ին Արցախում նման մեսիջով մի ելույթ էլ նախկին նախագահ Ս. Սարգսյանն էր ունեցել` նշելով. «Այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:
Ս. Սարգսյանի հայտարարությունը, սակայն, չարժանացավ հանրային ադեկվատ արձագանքի գուցե այն պատճառով, որ հայտարարության բովանդակային կողմից զատ կարեւոր է նաեւ այն, թե արդյոք դրա հեղինակը ունի բավարար հանրային աջակցություն՝ լեգիտիմություն, սպասարկելու իր իսկ հայտարարության իրագործումը: Երեկ էլ` ապրիլյան քառօրյայի տարելիցի օրը, ՀՀ վարչապետը տվեց շատերին հուզող այս հարցի պատասխանը՝ Տոնոյանն Ադրբեջանի ուղղությամբ ինքնագլուխ էր «սուր ճոճել», թե իր քայլը համաձայնեցված էր կառավարության ղեկավարի հետ: «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»,-ասաց Փաշինյանը՝ միաժամանակ ցրելով այն մտահոգությունը, թե Պնախարարի խոսքերը կարող են սխալ ազդակներ ուղարկել միջազգային հանրությանը:
Տոնոյանի շրջանառած բանաձեւը, ըստ այդմ, որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը` այսպիսով շեշտվում է խաղաղ կարգավորման կարեւորությունը: