Պատրա՞ստ են հակամարտող կողմերի հասարակություններն ընդունել առաջարկվող լուծումները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ամեն ռաունդից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածվող հայտարարությունների առաջին հասցեատերերն, անխոս, հակամարտող երկրների հասարակություններն են: Գաղտնիք չէ, որ այդ հայտարարությունները բացի տեղի ունեցած քննարկումների մասին իրազեկելուց նաեւ հետադարձ արձագանքները ստուգելու նպատակ ունեն. որքանով են պատրաստ կողմերի հասարակությունները ընդունել կոնֆլիկտի վերաբերյալ տեսականորեն առաջարկվող լուծումները:

Գուցե համոզիչ թվան պնդումները, թե կոնֆլիկտներն իրականում լուծվում են աշխարհաքաղաքական կենտրոններում, իսկ բանակցային ձեւաչափերը սոսկ դեմոկրատական շղարշ են, այդուհանդերձ կողմերի հասարակությունների կարծիքն անտեսող որեւէ որոշում այդ կենտրոններն ընդունել չեն կարող: Եւ այս հարցում շատ կարեւոր է հատկապես հասարակությունների իրազեկվածությունը պատշաճ մակարդակի բարձրացնելը բանակցային այն հանգրվանի մասին, որում գտնվում է կոնֆլիկտը:

Ասենք՝ 20 եւ ավելի տարի ինչի՞ շուրջ է բանակցվել, ո՞ր հարցերն են, որոնց շուրջ չկա կոնսենսուս, եւ պետք է շարունակել բանակցությունները եւս 5 կամ 10 տարի: Եթե հարցախույզ անցկացնենք քաղաքացիների շրջանում եւ հարցնենք` ինչ են իրենցից ներկայացնում, դիցուք, «Մադրիդյան սկզբունքները», կամ Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, վստահ ենք, որ 10-ից 9-ը լսած կլինեն դրանց մասին, սակայն վստահ չենք, որ կբացատրեն` ինչի մասին է խոսքը:

Վստահ ենք նաեւ, որ 10-ից 10-ն էլ կցիտեն «ոչ մի թիզ հող թշնամուն» ռազմահայրենասիրական թեզը: Այսինքն` հայ հասարակության հավաքական կոնցեպտը խնդրի լուծման վերաբերյալ հողեր չզիջելն է, սակայն արդյոք դիվանագիտական գործիքակազմը, որն առկա է իշխանության ձեռքին, կարո՞ղ է սպասարկել հանրության ակնկալիքները, թե՞ կամենալը դեռ կարենալ չէ:

Նախկին իշխանությունն, օրինակ, քանիցս մեղադրվել է ԼՂ հարցում դավադրությունների եւ բազում հավանական եւ անհավանական մեղքերի համար, ինչը իշխանություն-հասարակություն կապի խզվածության հետեւանք է նաեւ: Նման պայմաններում միշտ մեծանում է մութ սենյակում կատու փնտրելու գայթակղությունը, եւ հետագայում ահռելի նյարդեր ու միջոցներ են ծախսվում այդ սենյակում կատվի լինել-չլինելը պարզաբանելու համար:

Փաշինյանն, օրինակ, վարչապետ դառնալուց հետո քանիցս խոստացել է, որ ԼՂ հարցով գաղտնի որոշում չի լինելու, եւ պետք է իսպառ բացառել դավադրության տեսությունը: Ակնկալում ենք, որ խոստումը չի դրժի: Իսկ նման տեսության բացառման լավագույն եղանակը, կարծում ենք, ամեն բանակցությունից հետո հանրության առաջ ոչ միայն սիրտը բացելն է, այլեւ «գրպանները դատարկելը»:




Լրահոս