Հայաստանում կանայք քաղաքական դաշտում քաոս են առաջացնում. Էվա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց նվիրված միամսյակի շրջանակում շարունակում է ներկայացնել զուտ կանացի զրույցներ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Էվա Խաչատրյանն է:

-Էվա՛, կանանց պե՞տք է իրենց նվիրված միամսյակ:

-Իհարկե պետք է: Մեր տղամարդիկ անառիթ նվերներ անելու մշակույթ չունեն, ուստի կանանց հույսը միամսյակն է, թեպետ միամսյակի շրջանակում տղամարդիկ հաճախ պարտադրված են նվերներ անում… Կարծում եմ՝ նախորդ սերնդի տղամարդիկ ավելի կնամեծար են եղել այդ առումով: Ես հաճախ եմ լսում պատմություններ այն մասին, թե ինչ գեղեցիկ նվերներ են նրանք մատուցել սիրելի կանանց եւ աղջիկներին:

-Ո՞րն է եղել ամենայուրահատուկ նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:

-Ցավոք, իմ կյանքում չի եղել այդ կրեատիվ տղամարդը: Հիմնականում ստանդարտ նվերներ եմ ստացել՝ ծաղիկներ, օծանելիք, հագուստ, գումար… Ոչ մի արտասովոր բան:

-Իսկ ի՞նչ արտասովոր նվեր կցանկանայիք ստանալ:

-Կուզեի՝ ինձ նավ նվիրեին. ջրային ճամփորդություններ շատ եմ սիրում… Շատ լավ կլիներ (ծիծաղում է):

-Ինչպե՞ս եք գնահատում հայ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ:

-Վերջին դեպքերը՝ կապված մշակույթի նախարարի պարտականությունները կատարող տիկնոջ որոշումների հետ, ցույց տվեցին, որ մեր երկրում կանայք քաղաքական դաշտում քաոս են առաջացնում: Ես դեռ չեմ հանդիպել այն ուժեղ կին տեսակին, որին կցանկանայի տեսնել քաղաքականության մեջ: Վերջին դեպքերից ելնելով՝ եկա այն եզրահանգման, որ միշտ չէ, որ կանանց պետք է թողնել մուտք գործել քաղաքական դաշտ: Երբեմն նրանք կարող են այնպիսի որոշումներ կայացնել, որոնք անձամբ ինձ համար ողբերգական են…

– Եվ վերջում` ավանդական հարցը. ի՞նչ են ցանկանում կանայք:

-Սեր եւ ներդաշնակություն յուրաքանչյուր հարաբերության պարագայում՝ գործնականից մինչեւ անձնական… Ի դեպ, սա միայն կանայք չէ, որ փնտրում են:

Անի Անտոնյան




Լրահոս