Armenian text to speach

Մտածում էինք՝ գլխի ցնցում է. Էվա Խաչատրյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի և Հունաստանում տեղի ունեցած միջադեպերի մասին․ ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուրանոցի մաքրուհի, ով ոչ միայն անթերի է կատարում իր աշխատանքը, այլև ունի մի գաղտնիք, որը կարող է գլխիվայր շրջել ամեն ինչ։ Դերասանուհի Էվա Խաչատրյանը «Բարի Գալուստ» սիթքոմում մարմնավորում է Սրբուհուն՝ մի կերպարի, որի շուրջ զարգացող իրադարձությունները խոստանում են բազմաթիվ հումորային իրավիճակներ և անսպասելի բացահայտումներ։

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 20-ից մեկնարկած սիթքոմի նկարահանումներն իրականացվել են Հունաստանում։ Նախագիծը դերասան Աղաս Մանուկյանի առաջին պրոդյուսերական աշխատանքն է։ Էվա Խաչատրյանը Armlur.am-ի հետ զրույցում պատմել է իր կերպարի, նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի, գործընկերների հետ հարաբերությունների և Հունաստանում տեղի ունեցած հիշարժան դեպքերի մասին։

Դերասանուհու խոսքով՝ իր մարմնավորած Սրբուհին հյուրանոցի մաքրուհին է, ով հրաշալի է կատարում իր աշխատանքը, սակայն ունի մի առանձնահատկություն․ նա կլեպտոման է և սիրում է հյուրանոցային համարներից փոքրիկ իրեր գողանալ։ Այս հանգամանքը նկատում է հյուրանոցի փոխտնօրեն Սևակը, ում մարմնավորում է Նորայր Եղյանը։ Հենց այդտեղից էլ սկսվում է նրանց միջև կոնֆլիկտային գիծը։

Սրբուհին անդադար մաքրում է սենյակները, սակայն նրա աշխատանքից հետո դրանք հայտնաբերվում են թափթփված վիճակում։ Արդյունքում սկսվում են Սևակի սպառնալիքները։ Էվա Խաչատրյանը չի ցանկացել մանրամասնել սյուժետային զարգացումները՝ նշելով, որ սիթքոմում դեռ շատ իրադարձություններ են սպասվում, և չի ցանկանում նախապես բացահայտել դրանք՝ հեռուստադիտողին զրկելով անակնկալներից։

Կերպարը հնարավորինս համոզիչ ներկայացնելու համար աշխատանքներ են տարվել ինչպես նկարահանումներից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սրբուհու արտաքին տեսքին։ Դերասանուհու խոսքով՝ հագուստը գտել են թատրոնում, իսկ համապատասխան կոշիկների որոնումները մի քանի օր են տևել։ Այս ամենն օգնել է ամբողջական պատկերացում կազմել Սրբուհու կերպարի և այն մասին, թե ինչպիսին պետք է լինի նա էկրանին։

Նախագծում նկարահանվելու առաջարկը Էվա Խաչատրյանն ընդունել է մեծ ջերմությամբ։ Նա պատմել է, որ Աղաս Մանուկյանի հեռախոսազանգից հետո շատ արագ համաձայնություն է տվել՝ վստահ լինելով, որ համագործակցությունը հաջողված կլինի։ Դերասանուհու գնահատմամբ՝ ընտրությունը ճիշտ է եղել․ աշխատանքային գործընթացը հիանալի է անցել, և՛ ռեժիսորը, և՛ սցենարիստները, և՛ ինքը ստացել են այն արդյունքը, որն անհրաժեշտ էր նախագծի համար։

Աղաս Մանուկյանի՝ որպես պրոդյուսերի աշխատանքը գնահատելիս Էվա Խաչատրյանն ընդգծել է, որ նա պատվով է կատարել իր պարտականությունները։ Նկարահանումներն անցկացվել են արտերկրում, ժամանակատար գործընթացներ եղել են, սակայն թիմը կարողացել է արագ լուծումներ գտնել առաջացած դժվարություններին։

Դերասանուհու խոսքով՝ նկարահանման հրապարակում մշտապես ուրախ մթնոլորտ է տիրել։ Աղաս Մանուկյանը կարողացել է իր դրական էներգիայով, հումորով և լավ տրամադրություն ստեղծելու ունակությամբ ամբողջ թիմին պահել դրական ալիքի վրա։ Նույնիսկ այն դեպքերում, երբ խնդիրներ են առաջացել, դրանք արագ լուծվել են, և իրավիճակին տրվել է դրական ընթացք։ Էվան նշել է, որ Աղասին բոլորին հայտնի է որպես դրական մարդ, և իրենք շատ շնորհակալ են նրան նկարահանման ողջ ընթացքում այդ մթնոլորտն ապահովելու համար։

Հունաստանում անցկացրած օրերը ևս դերասանուհու հիշողություններում մնացել են որպես դրական հույզերով լի ժամանակաշրջան։ Թիմը Հունաստանում անցկացրել է 25 օր, թեև Էվան նկարահանումներին միացել է մի փոքր ուշ։ Ազատ ժամանակ դերասանները հնարավորության դեպքում վայելել են երկրի գեղեցկությունը և Էգեյան ծովը, որը դերասանուհին առանձնահատուկ հաճույքով է հիշում։

Այդ ուղևորությունը նաև նոր ընկերությունների և բացահայտումների առիթ է դարձել։ Էվան պատմել է, որ նոր ընկերներ է ձեռք բերել, բացահայտել մարդկային հետաքրքիր տեսակներ, իսկ որոշ գործընկերների ճանաչել բոլորովին նոր տեսանկյունից։ Նորայր Եղյանի հետ նա վաղուց է ընկերություն անում, սակայն համատեղ ճամփորդությունն ավելի է ամրապնդել նրանց հարաբերությունները։ Մարինկա Խաչատրյանի հետ էլ սա նրա առաջին աշխատանքային փորձն է եղել։ Էվան նկարահանումներից հետո մտերմացել է դերասանուհի Իրինա Հարությունյանի հետ:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանման հրապարակում թիմը շատ արագ է մտերմացել։ Նույնիսկ այն գործընկերների հետ, որոնց մինչ այդ ընդհանրապես չէր ճանաչում, համագործակցելու ընթացքում որևէ խոչընդոտ չի առաջացել։ Իսկ նրանց հետ, ում հետ նախկինում արդեն աշխատել էր, ընդհանուր լեզու գտնելն առավել հեշտ է եղել։ Էվայի գնահատմամբ՝ հունաստանյան նկարահանումներից բոլորի մոտ միայն լավ տպավորություններ ու հիշողություններ են մնացել։

Սակայն նկարահանումներն ուղեկցվել են ոչ միայն հաճելի պահերով, այլև մի շարք զավեշտալի ու հիշարժան դեպքերով։ Դերասանուհին պատմել է, որ դրանցից առաջինը տեղի է ունեցել անձնագրային անցակետում, երբ պարզել է, որ անձնագիրը մոռացել է ինքնաթիռում։ Բարեբախտաբար, խնդիրը շատ արագ կարգավորվել է։

Մեկ այլ դեպք, որը Էվան դժվարանում է զավեշտալի անվանել, տեղի է ունեցել նկարահանման հրապարակում։ Ծանր և մեծ լույսերից մեկն ընկել է դերասանուհի Մանեի գլխին։ Սկզբում մտավախություն են ունեցել, որ նա գլխի ցնցում է ստացել, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է եղել։ Այնուամենայնիվ, այդ օրը թիմն ամբողջությամբ անցկացրել է հիվանդանոցում։ Հետագայում այս դեպքն էլ դարձել է հիշվող պատմություն, որը նկարահանումներից հետո արդեն հումորով են հիշել։

Նկարահանումների վերջին օրերին արևահարվելու հետևանքով վատ է զգացել նաև Սերգեյը, որը, ինչպես դերասանուհին է նկարագրել, արդյունքում հայտնվել է «հատակին»։ Այսպիսով՝ հունաստանյան օրերը լի են եղել թե՛ հաճելի հիշողություններով, թե՛ անսպասելի իրավիճակներով, որոնք հետագայում դարձել են թիմի ընդհանուր պատմությունների մի մասը։

Խոսելով սիթքոմի հիմնական ուղերձի մասին՝ Էվա Խաչատրյանն ընդգծել է, որ պատմության վերջում միշտ հաղթում է սերը, իսկ բարին՝ չարին։ Նրա խոսքով՝ նախագծում հեռուստադիտողը կտեսնի նաև մարդկային այնպիսի հատկանիշներ ու երևույթներ, որոնք ցանկալի չեն, սակայն մարդը կարող է փոխվել, եթե դրա իրական ցանկությունն ունի։ Դերասանուհու համոզմամբ՝ հենց այդ փոփոխությունների հնարավորությունն է պատմության մեջ հետաքրքիր զարգացումների առիթ դառնում։

Էվա Խաչատրյանը ցանկանում է, որ սիթքոմը հեռուստադիտողին առաջին հերթին լավ ժամանց պարգևի, հաճույք պատճառի և ծիծաղեցնի, քանի որ դա սիթքոմի առաջնային գործառույթն է։ Միաժամանակ, նրա խոսքով, նախագծում տեղի ունեցող իրադարձությունները նաև մտածելու առիթ են տալիս։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա ոչ միայն հետևելու հերոսների պատմություններին, այլև որոշ հարցերի շուրջ խորհելու, սեփական պատասխանները գտնելու, սիրելու կերպարներ ունենալու և նրանց հետ հույզեր ապրելու։

Նշենք, որ «Բարի Գալուստ» սիթքոմի գլխավոր դերերում են Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոնը, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

Աննա Հանյան




Լրահոս