Նոր բունտ. բյուջեից փոխանցված պարգևավճարները տեղ չեն հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում նոր բունտ է հասունանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգին, օրենքով սահմանված կարգով, բյուջեից գումար է փոխանցվել պարգեւավճար տալու համար, սակայն չեն տրամադրում:
Ինչպես հայտնի է, անցած տարի եւ այս տարի մի շարք գերատեսչությունների աշխատակիցներ պարգեւավճարներ ստացան: Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց:

Ու մինչ գերատեսչությունների ղեկավարները արդարանում են` բացատրելով, թե որ արժանիքի համար են այդ համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստացել, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են՝ իրենց հերթը երբ է գալու:
Այսպիսով, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` պետբյուջեից դատավորների ֆոնդին եւս գումար է փոխանցվել, որ դատական համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստանան, սակայն վերջիններիս այդ պարգեւավճարը չեն տվել` ասելով, թե այդ գումարը տալու ընթացակարգ չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:

-Պարո՛ն Փոլադյան, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` պետբյուջեից դատավորների ֆոնդին եւս գումար է փոխանցվել, որ դատական համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստանան, սակայն վերջիններս այդ պարգեւավճարը չեն տվել` ասելով, թե ընթացակարգ չկա: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրավիճակը:

-1 միլիոն 845 հազար դրամ հատկացված է դատական համակարգին` ողջ անձնակազմին, պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տողով առանձին, որի շրջանակներում պետք է ամբողջ դատական համակարգը ունենա պարգեւավատրումներ, կամ, այսպես ասեմ, հատուկ վճարներ, կամ դրամական խրախուսումներ: Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որեւէ մեկն այդ տողից որեւէ դրամ պարգեւատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել եւ սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը:

Կարգը, ըստ նորմատիվների, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը, տվյալ պարագայում ես նկատի ունեմ ՀՀ ֆինանսների նախարարությունը: Այդ գրությունը ստացել ենք ՀՀ ֆինանսների նախարարության, որ այդ կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության կողմից կարգի սահմանման որոշմանը:

-Իսկ ե՞րբ կլինի որոշումը: Տեղեկություններ ունե՞ք, թե ՀՀ կառավարությունը այս առումով քայլեր իրականացնում է, թե ոչ:

-Ես տեղեկացված եմ, որ գործընթացը ընթացի մեջ է, ՀՀ կառավարությունում այդ հարցը քննարկվել է, եւ կարծում եմ, որ մենք շուտ կունենանք: Մենք էլ ուզում ենք, որ հնարավորինս արագ լինի, որպեսզի եթե գումարը ենթակա է տրամադրման, ուրեմն պետք է տրամադրվի: Գումարը որեւէ ձեւով չի օգտագործվել որեւէ մեկի պարագայում, այդ թվում նաեւ` դատավորների:

-Արդյոք դատական համակարգը պարգեւավճարները չի տալիս եւ սպասում է` հստակ կարգ սահմանվի ա՞յն պատճառով, որ հետո զերծ մնա շահարկումներից, թե որ օրենքով եւ որ արժանիքի համար դատավորները պարգեւատրվեցին:

– Մենք մեր գործունեությունը իրականացնում ենք մեր լիազորությունների շրջանակում եւ համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարմամբ, եւ քանի այս պահին չկա ընթացակարգը գումարի տրման, մենք այդ պատճառով որեւէ մեկին պարգեւատրումը չենք տվել:

Նրան միտված չէ` չանենք այնպիսի բան, որ հետո չշահարկվի: Եթե դա նախատեսված է օրենքով եւ դա ճիշտ է, անում ենք, ինչքան ուզում է շահարկվի որեւէ մեկի կողմից: Խնդիրը այստեղ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանումն է: Եթե դու մեկ բան անում ես ճիշտ, օրենքով, ինչքան ուզում են` շահարկեն: Մեզ համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք իրավական հիմք եւ դրա բաշխման ընթացակարգ:

Քնար Մանուկյան




Լրահոս