ՎԱ՞Տ Է, ՈՐ ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ-Պարո՛ն Հարությունյան, վերջին շրջանում անգամ հանրապետականներն են ընդունում, որ մարդկանց սոցիալական վիճակը շատ ծանր է, որ կան շատ դժգոհողներ: Եթե  անգամ դուք եք այդ մասին խոսում, ուրեմն ձեր վարչապետը, կառավարությունը լավ չեն աշխատում: Հնարավո՞ր է, որ Տիգրան Սարգսյանը ազատվի իր պաշտոնից;-Ես լիազորված չեմ  պաշտոնյաների փոփոխությունների մասին խոսել: Ասեմ, որ այն, որ հանրապետականներն էլ են գտնում, որ սոցիալական հարցեր կան, որոնք  պետք է լուծել, խոսում է ՀՀԿ-ի օբյեկտիվ մտածողության մասին: Վա՞տ է դա:-Վատ չէ, բայց խոսելը քիչ է, պետք է նաեւ ինչ-որ բան անել, եթե ՀՀԿ-ն է վերցրել այս երկրի համար պատասխանատվությունը: -Միշտ ամեն ինչում,  եթե մի բան վատ է, ուրեմն  իշխանություններն են մեղավոր, իսկ եթե լավ է, դրա հեղինակները բոլորն են: Այդպես եղել է, այդպես կլինի: Բայց Հանրապետական կուսակցությունը հնարավոր ամեն ինչ անում է, որ սոցիալական վիճակը մեղմացնի` հանձին թոշակների բարձրացման: -2500 դրամով թոշակ են բարձրացնում, երբ որ մարդիկ մեկ ամսում 80-90 հազարի  գազ են վառում (կամ էլ չեն վառում): -Ես կուզենայի, որ բարձրացնեն 25000-ով, բայց այսօրվա մեր տնտեսական հնարավորություններն այդքան են: Բոլորդ միանգամից մոռացել եք, որ մենք տնտեսական հզոր ճգնաժամ ենք ապրել, եւ եթե այդ ճգնաժամից հետո  կարողանում ենք անգամ 2500-ով բարձրացնել, դա բավականին դրական ցուցանիշ է: -Ձեր ընդդիմախոսներն էլ ասում են` բա որ ճգնաժամը չլինե՞ր, բա ուրիշ ինչի՞ վրա էիք հիմնվելու, հղում անելու: Անընդհատ կառչում եք դրանից:-Հանրապետականը հղում չի անում, ուղղակի, երբ ծանոթանում եմ համաշխարհային ինֆորմացիային, տնտեսական գործընթացներին, ամենամեղմը մենք ենք:-Եվրոպայում 3 տոկոս գնաճ է լինում, ասում են` այս ինչ խայտառակություն է:-Նույնը ասում են Եվրոպայի կառավարիչները, նույնը ասում են Ճապոնիայի կառավարիչները: Տնտեսապես ամենազարգացած երկրների իշխանությունները այսօր էլ իրենց տնտեսական պրոբլեմները 90 տոկոսով կապում են ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: -Պարո՛ն Հարությունյան, հայտնի եք Ձեր հումորով: Խնդում եմ հումորով պատասխանեք: Ի՞նչ է նշանակում այն, որ գյուղնախարարն ասում է` սերմացուն օրհնել տանք Մայր Աթոռում, հետո տանք գյուղացուն, փոխանակ լուրջ բաներ անեն:-Կարող է ինքն էլ է կատակ արել: Բայց գիտե՞ք, որ նման բան իսկապես կա: Մեր ժողովուրդն անցյալում, հիշում եմ, եթե երաշտ էր լինում, չորացած գետը գութանով վարում էր` հույս ունենալով, որ անձրեւ պետք է գա: Հիմա նախարարը երեւի վերջին հույսը կապել է Աստծո հետ, որ բարեհաճ լինի մեր նկատմամբ, որ այս տարի գյուղատնտեսական ապրանքների առատություն լինի: Հուսով եմ, որ Աստված կլսի նախարարի ձայնը:-Գյուղնախարարը մի կողմ, այս վիճակում, երբ մարդկանց գազերը, հոսանքները անջատած են, իրենք էլ սոված-ծարավ նստած, Հանրային խորհուրդը  ներկայացնում է «Սիս, Մասիս, առողջարանային Հայաստան» ծրագիրը, որն այն մասին է, թե թոշակառուներն ինչպես պետք է քիչ փողերով խաղան կազինոներում, իրար հետ շփվեն: Միայն վերնագիրը լրիվ զավեշտ է:-Ես նման ռոմանտիկ ծրագրի ծանոթ չեմ, բայց լիովին կիսում եմ Ձեր կարծիքը, որ մենք պետք է առաջնապահ հարցերով զբաղվենք, ավելի կոնկրետ եւ ավելի իրական: Եթե մարդը հաջորդ հարյուրամյակի համար ծրագրեր է մտածում, ես այնքան էլ դրան չեմ հավատում: Իսկ կազինոների նկատմամբ իմ կարծիքը կարող եմ բացահայտ ասել: Մեր ժողովրդին երեւի ոչ մի ձեռնարկում այնքան վնաս չի բերել, ինչքան կազինոների առկայությունը Հայաստանում: -Իսկ որո՞նք են առաջնապահ հարցերը:-Հնարավորինս պետք է  օլիգոպոլիկ իշխանությունը կրճատվի, պետք է զարգանա միջին եւ մանր բիզնեսը, եւ արմատախիլ արվի գանձագողությունը պետական բյուջեից: Դա ամենասարսափելի բանն է: -«Ժառանգության»-ը  սադրանքներ հրահրելու համար  դատի տալու Ձեր հայցը արդեն ներկայացրե՞լ եք:- Ես ապշեցի, դա ստոր զրպարտություն է, ով որ այդպիսի բան է ասել,ես կարող եմ տալ «Հայելի» ակումբում իմ եւ Ստեփան Սաֆարյանի երկխոսության  ամբողջ սղագրությունը: Ընդհանրապես նման բան չի եղել, հետո ես ի՞նչ գործ ունեմ «Ժառանգության»-ը դատի տամ: Ես նմա՞ն եմ էդ աննորմալ մարդուն:-Պարո՛ն Հարությունյան, մեր թերթին հարցազրույց տված Մերուժանին ինչո՞ւ էիք «Արմնյուզ»-ով անվանել  «սեռական մոլագար»:-Դա մոլագարի բան է` ես մոլագար տերմինն եմ օգտագործել: Դա կոմպլիմենտ է, ես կարող եմ ավելի վատ բաներ ասել, որովհետեւ ով ղարաբաղցի-հայաստանցի տարբերություն է  դնում, ես համարում եմ, որ նա ինչ-որ սեռական մոլագար է կամ ֆաշիստ: Մերուժը կամ ով ուզում է լինի: Եթե Մերուժն է ասել, ուրեմն իրեն եմ ասել: Մեր ժողովրդի մի հերոսական հատվածի մասին նման ստոր բամբասանքներ տարածելը  ցանկացած էպիտետի արժանի է: -Պարո՛ն Հարությունյան, կրկին խնդրում եմ, որպես հումորով հայտնի մարդ,  պատասխանե՛ք այն հարցին, թե ինչպես է առաջացել Ձեր մականունը` Բառադի:-Որովհետեւ ես շատ համարձակ մարդ եմ եղել: Այն բաները, որ ասում էի սովետի օրոք, դիսիդենտներն էլ չէին ասում: Մտածողության անկախություն է եղել ինձ մոտ, ես երկար ժամանակ անկուսակցական եմ եղել եւ այդ մականվանն արժանացել եմ իմ  ըմբոստ պահվածքի համար: -Բայց ըմբոստությունն ու բառադիությունն ի՞նչ կապ ունեն:-Այն ժամանակ այդ ձեւով էին ասում (ծիծաղում է): Համենայնդեպս, ես նմանատիպ ապրելակերպ չեմ ունեցել:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս