Ինչպես են փորձում առ ոչինչ համարել հեղափոխությունը․ խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ տարի առաջ այս օրերին հեղափոխություն ծրագրած ակտիվիստները իշխանափոխության հասնելու արդյունավետ մեթոդ էին համարում երկրում անվերահսկելի քաոս ստեղծելը: Փորձը ցույց տվեց, որ ընտրված մեթոդն արդարացրեց իրեն:

Այս օրերին՝ հեղափոխական կառավարության «ճտերն հաշվելու» սեզոնին ընդառաջ, մենք գործ ունենք հրահրվող քաոտիկ իրավիճակի հետ, առայժմ միայն` տեղեկատվական տիրույթում: Անհնար է չնկատել այն հմուտ մանիպուլյատորի /մանիպուլյատոր՝ հավաքական իմաստով/ ձեռքը, որը փորձում է իշխանության որեւէ որոշման դեմ հանրային դժգոհությունն /երբեմն նաեւ արդարացի/ օգտագործել սպեկուլյատիվ նպատակներով՝ ամեն կերպ անվանարկելով իշխանությանը, ստիպելով հօգուտ նախկինների համեմատություններ անել ու զղջալ-փոշմանել հեղափոխություն անելու համար:

Օրինակ` երբ Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժում է օպերային հարակից սրճարանները, դրա դեմ բողոքների դժգոհությունը տեղեկատվական տիրույթում մեկնաբանվում է այսպես. իշխանության է եկել ոչ թե կառուցողների, այլ քանդողների «բրիգադը»: Երբ իշխանությունը որոշում է օպտիմալացնել կառավարությունը՝ կրճատելով նախարարությունների թիվը, իշխանությունը մեղադրվում է աշխատատեղեր ստեղծելու փոխարեն գործազրկությանը զարկ տալու համար:

Օրենքի խախտմամբ օպերայի թատրոնի տնօրեն նշանակված Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելով` իշխանությունը մեղադրվում է «նախկիների բերած մարդկանց դեմ» հետապնդումներ իրականացնելու համար: Երբ «Սպայկա»-ի տնօրենն է կալանավորվում հարկերից խուսափելու համար հարուցված գործով, իշխանությունը մեղադրվում է գործարար աշխարհին «վատ մեսիջներ» հղելու, տնտեսությունը վնասելու համար:

Երբ ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթ ունենում, իշխանությունը մեղադրվում է այլասերվածության քարոզի եւ «Հայոց տունը» պղծելու համար: Այսքանով, սակայն, չեն սահմանափակվում իշխանության «անպիտանության» ու «նենգադավության» մասին քարոզչական թեզերը. չմոռանանք նաեւ «հողեր հանձելու» մասին մշտանորոգ մեղադրանքը:

Այս հակաիշխանական տրամադրություններն անընդհատ հարստացնելն ու տեղեկատվական տիրույթում ֆիքսելն ու ամրապնդելը, պարզ է, որ նստվածք է թողնում հասարակության գիտակցության մեջ եւ սեփական ձեռքերով իշխանության բերածներին տապալելու միտք ներշնչում:

Հենց սա էլ ռեւանշի ձգտող հայտնի ուժերի նպատակն է, եւ արդեն իսկ ուրվագծվում է այն ուժը, որը հավակնում է առ ոչինչ համարել հեղափոխությունն ու դառնալ բողոքականների կոնսոլիդացիայի օբյեկտը, հատկապես որ այն նման փորձ նախկինում արդեն իսկ արել է:




Լրահոս