Պետք է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատելության խոսքն ու բռնության կոչերը, որքան էլ ցավալի է արձանագրելը, մեզանում հազվադեպ հանդիպող երեւույթներ չեն: Նախկինում ականատես ենք եղել երկրի առաջին եւ երեւելի դեմքերի մակարդակով ցուցաբերված ատելության խոսքի «մաստեր կլասսների», ինչպես, օրինակ, կուսակցություններից մեկի ղեկավարին «քաղաքական չարիք» անվանելն էր կամ «չհասկացողներին բամփելու» սպառնալիքը: Ատելության խոսքի գերդոզավորված մթնոլորտը նկատելի էր նաեւ մինչեւ հեղափոխությունը եւ հետհեղախոխական շրջանում, իսկ վերջին օրերին նման խոսքի սանձազերծման առիթը ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը դարձավ:

Սոցցանցերն ուղղակի եռում են «ազգային արժեհամակարգին անհարիր այդ երեւույթի»՝ ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված անհանդուրժողականության քարոզով, եւ ցավալիորեն դրանում ներգրավված են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ ԱԺ որոշ պատգամավորներ:

Եւ մինչ «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն իրար վրա են գցում տրանսգենդերին ԱԺ հրավիրելու «շառը», երեկ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանությունները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հորդորել են ՀՀ-ին դատապարտել ատելության խոսքը, ինչպես նաեւ կոչ արել իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ: Ատելության խոսքն ու բռնության քարոզն, անխոս, համընդհանուր չարիք են եւ սպանում են ժողովրդավարությունը, քաղաքական մշակույթը, սպառնում ազգային անվտանգությանը:

ԵՄ-ն ատելության խոսքի կանխարգելման վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ կանխարգելելու ատելության տարածումը:

Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր: ՀՀ-ում եւս խտրականության, ատելության խոսքի վերացման ուղղությամբ անհրաժեշտ են մի շարք բարեփոխումներ` հանրային իրազեկման արշավներ, օրենսդրական բարեփոխումներ, խտրականության մասին առանձին օրենքի ընդունում, կրթական ծրագրերի վերափոխում:

Շատ կարեւոր է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի: Երբ այս տարի հունվարին սպանվեց Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, նրա կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ կնոջ, մշտապես բացասական կերպով է լուսաբանել Ադամովիչի գործունեությունը: «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, եւ նա որպես զոհ ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր սպանվածի կինը:




Լրահոս