Հեղափոխությունից հետո ՀՀ-ում փորձության ու ցնցումների ենթարկված իշխանության թեւերից մեկը դատական իշխանությունն էր՝ մի քանի գործերով կայացված որոշումներով: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում խորը անվստահություն կա դատական իշխանության նկատմամբ, իսկ դատավորները ասոցացվում են կոռումպացված եւ իշխանության վերին կաբինետներից իջեցված հրահանգները կատարող սուբյեկտների հետ:
Բավական է միայն հիշել նախկին իշխանության օրոք կայացված մի քանի հնչեղ գործերով կայացված դատավճիռները. դրանցից ամենաաղմկահարույցը Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի մասնակցությամբ տեղի ունեցած սպանության, հայտնի Բուդաղյանների գործով կայացված վճիռն էր: Իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս ընդգծել է նախկին իշխանության օրոք կիրառված արատավոր պրակտիկայից՝ «հեռախոսային արդարադատությունից» հրաժարվելու, դատարանի գործերին չխառնելու պատրաստակամության մասին: Այդ մասին հիշատակվում է նաեւ Կառավարության ծրագրի` դատական իշխանությանը վերաբերող հատվածում:
Երեկ՝ Բարձրագույն դատական խորհրդի մեկամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, նա վերահաստատեց իր հանձնառությունն ու միաժամանակ շատ կարեւոր ուղերձ հղեց «Ֆեմիդայի ծառաներին»` ռիսկի դիմել եւ օգտվել ՀՀ-ում իրապես անկախ եւ անկաշառ դատական համակարգ ձեւավորելու «պատմական շանսից»: «Ես համոզված եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը, եւ ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի՝ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- ասաց վարչապետը:
Այս ուղերձը կարեւոր է հատկապես առաջիկայում մեկնարկելիք «Մարտի 1»-ի գործով դատաքննության համատեքստում, որը, անխոս, ունենալու է հանրային մեծ հնչեղություն եւ լինելու է հիշատակված պատմական շանսի իրացման բացառիկ առիթ:
Այսպիսով, Փաշինյանը թափանցիկ ակնարկ հնչեցրեց նաեւ այդ շանսի կիրառումից կաշկանդվողներին եւ դրա իրացմանը ենթադրյալ խանգարողներին՝ «չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ»: Ուղերձը, կարծում ենք, ադեկվատ ընկալման կարժանանա, իսկ մինչ այդ ուզում ենք հիշեցնել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռ. Քոչարյանի փաստաբաններից մեկի՝ Հայկ Ալումյանի 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած հետեւյալ միտքը. «Արդար դատական համակարգը ոչ բոլոր փաստաբաններին է ձեռնտու. ոչ արդար համակարգի իմիջը փաստաբաններին թույլ է տալիս իր բոլոր անհաջողությունները բարդել դատական համակարգի վրա»: