Նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք արտաքին քաղաքականությունը համարում են Փաշինյանի «Աքիլլեսյան գարշապարը», ավելին` նոր իշխանությանը մեղադրում են իրենց օրոք կուտակված արտաքին քաղաքական կապիտալը մսխելու համար: Աներկբա է, որ ՀՀ արտաքին քաղաքական բազմատարր օրակարգի ամենանուրբ ու խոցելի, կենսական նշանակության հարցը ԼՂ խնդրի կարգավորումն է:
Թվում էր, թե սա այն հարցն է, որին պետք է ստորադասվեին քաղաքական տարաձայնություններն ու ամբիցիաները, եւ առկա փորձագիտական, դիվանագիտական եւ լոբբիստական ողջ ներուժը պետք է մեկտեղվեր եւ ծառայեցվեր բանակցային այս փուլի «իդեա ֆիքսին»՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, ԼՂ հարցի շուրջ առկա չէ ներպետական համերաշխության, ավելին՝ նախկին իշխանության ինտելեկտուալ կոնտինգենտը զերծ չի մնում խնդրի հրապարակային շահարկումներից՝ ֆեյսբուքյան տարատեսակ գրառումներով ու ասուլիս-լայվերով, միջազգային եւ ՀՀ հանրությանը երբեմն կեղծ, մանիպուլյատիվ, ֆալշ նոտաներ հղելով:
Սա մտահոգիչ երեւույթ է, եւ մենք այստեղ գործ ունենք պետականամետ մտածողության դեֆիցիտի, անհեռատեսության, պատկերավոր ասած՝ «ունքն ուղղելու տեղը աչքն էլ հետը հանելու» տխուր պրակտիկայի հետ:
Որպես շուրջ 20 տարի իշխանության մեջ եղած եւ ԼՂ խնդրով 20 անգամ ավելի շատ բանակցած, 20 անգամ ավելի շատ Պուտինի եւ այլ պետական այրերի հետ ձեռք սեղմած, ողջագուրված, բանակցություններում 20 անգամ ավելի շատ «ընկած-ելած» ուժ` հարկավ, պետք է որ գիտակցի, թե որքան մեծ վնաս կարող են հասցնել տարատեսակ շահարկումներն ու թիկունքից ուղղված հարվածները ՀՀ-ի բանակցային եւ դիվանագիտական իմիջին: Իսկ այն այսօր էականորեն տարբերվում է այն խոցելի եւ փխրուն իմիջից, որը իրենց կառավարման տարիներին ձեւավորել էին նախկին՝ ոչ լեգիտիմ իշխանությունները, որոնց արտաքին գերակայությունների առաջին տեղում, որքան էլ ցավալի է արձանագրելը, սեփական լեգիտիմիզացիան ապահովելն էր` այդ նպատակով դիվանագիտական ահռելի ռեսուրսներ գործադրելով:
Նկատենք, որ 2010թ.-ին, երբ ԼՂ հարցով հերթական բանակցային փուլը պետք է տեղի ունենար, եւ մեկնարկել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Սերժ Սարգսյանի իշխանությանն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «թայմ աութ» վերցրեց եւ առժամանակ դադարեցրեց հանրահավաքային պայքարը, որպեսզի չխագարի իշխանություններին այդ երկու խնդիրների կարգավորման գործում, եւ, ամենակարեւորը, զերծ պահի վերջիններիս արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումների պարտադրանքից: