Ժամանակավրեպ գաղափար. ինչ ճակատագիր կունենա ԲՀԿ-ի առաջարկը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի արդիականացման կոնտեքստում հաճախ է խոսվում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելու, առաջնագծի պաշտպանությունը պայմանագրային ծառայողներին վերապահելու խնդրի մասին: Այս խոսակցությունները ինտենսիվորեն սկսեցին շրջանառվել հատկապես ապրիլյան պատերազմից հետո, թեմայի շուրջ տարբեր ֆորմատներով քննարկումներն էլ միշտ ավարտվում են մեկ եզրակացությամբ՝ ժամանակավրեպ գաղափար է:

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն, այնուամենայնիվ, որոշել է անդրադառնալ այս զգայուն թեմային եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն առաջարկել, ըստ որի՝ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդը զինծառայության անցնելուց անմիջապես հետո չպետք է մեկնի առաջնագիծ` մարտական հերթապահության: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, եւ միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո պետք է թույլատրել զինվորին մեկնել մարտական հերթապահության:

Նկատենք, որ նախագծի հեղինակների կողմից որեւէ հիմնավոր վերլուծություն չի ներկայացվել օրենքում առաջարկվող փոփոխությունները համոզիչ դարձնելու համար։ Եւ, ինչպես նշել էր կառավարության ներկայացուցիչ, պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը, նախագծից տպավորություն է, թե զինծառայողները անպատրաստ են լինում 5 ամսվա ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության անցնելիս։ Մինչդեռ եթե զինծառայողը ուսումնական փուլը անցնելուց հետո քննությունը բավարար չափով չի հանձնում, չի անցնում մարտական գումարտակ: Նախագծին, ի դեպ, ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։

Նկատենք, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Ինչ վերաբերում է առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներին վերապահելուն, ապա այստեղ, ինչպես պնդում են մասնագետները, գործ ենք ունենալու պաշտպանական անվտանգության խնդրի հետ. երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է:

Նախ՝ երբ 18 տարեկանները զորակոչվում են, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր սահմանը պաշտպանեն. կարեւոր է նաեւ հոգալ մոբիլիզացիոն ռեզերվի խնդիրը: Եւ եթե տարիներ շարունակ 18 տարեկանները չզորակոչվեն, այլ զորակոչվեն, կամ պայմանագրեր կնքվեն միայն ծառայել ցանկացողների հետ, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը երբեւէ զենքի հետ չի առնչվել եւ, հետեւապես, ի վիճակի չէ այն կիրառել: Իսկ մենք չպետք է մոռանանք, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք:




Լրահոս