Բա այդքան հրավիրում ենք ձեզ, ինչո՞ւ չեք արձագանքում. Արծվիկ Մինասյանը` կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարին Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ ընդհանուր ժողովը: Այդ կապակցությամբ ժողովի երրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց ու կարեւորելով ՀՅԴ դերը` իշխանության անունից պատրաստակամություն հայտնեց համագործակցելու կուսակցության հետ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ տեղեկացրեց, որ այս ընթացքում իշխանություններն իրենց հետ համագործակցության քայլեր չեն անում:

«Ինքը հայտարարել էր համագործակցության պատրաստակամության մասին: yerkir.am կայքէջը օրերս գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն` տեղեկանալու` արդյոք կառավարությունը տեղյակ է կառավարության ծրագրի, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ մոտեցումներին:

Պատասխանում նշված էր` մենք պատրաստ ենք քննարկումներ իրականացնելու: Շատ լավ: Բա այդքան հրավիրում ենք ձեզ, ինչո՞ւ չեք արձագանքում: Այս պահին ես կարող եմ պնդել, որ գոնե առնվազն այն մակարդակում, ինչ մակարդակում որ մենք փորձել ենք համագործակցել, արձագանքը զրո է: Համագործակցությունը մենք պատկերացնում ենք նաեւ հետեւյալ կերպ. ծրագրերի վերաբերյալ մեր տեսակետները երբ հրապարակում ենք, իրենք կարողանան գոնե քննարկման առարկա դարձնել` հասկանալու այլընտրանքային կարծիքը: Եթե դա էլ ունակ չեն, նշանակում է` իրենց հայտարարությունները ձեւական են եղել»,-ասաց Մինասյանը:




Լրահոս