Ի՞նչ են արել մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կորած 626 արժեքները հետ բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազության պահանջով «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության վերաբերյալ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ եւ այլն՝ 120 միլիոն 250 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաեւ կարեւոր գեղարվեստական արժեք հանդիսացող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60 միլիոն դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը եւ Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2 միլիոն դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:

Այսպիսով, Մշակույթի նախարարության եւ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարեւոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին եւ միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ: Գլխավոր դատախազության` պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016-ին միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ՊՈԱԿ-ը մինչեւ պատկերասրահին միանալը արդյոք որ կառույցի ենթակայության ներքո է գործել, պետական բյուջեից տարեկան կտրվածքով որքան գումար է հատկացվել ՊՈԱԿ-ին, երբ է այն կազմավորվել եւ ինչ հիմքի վրա: Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը պատասխանեց, որ ՊՈԱԿ-ը մինչեւ պատկերասրահին միանալը գործել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ: 2014-ին ՊՈԱԿ-ին հատկացվել է 22 մլն 529.4, 2015թ.՝ 22 մլն 774.9, 2016-ին՝ 22 մլն 341.0 հազար դրամ:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 1994-ին՝ 1939թ. ստեղծված Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոցի հիմքի վրա (նախկին ՀԽՍՀ կուլտմինի նկարչական շրջիկ արվեստանոց-ցուցահանդես): ՊՈԱԿ-ի վերջին տնօրենը Խաչատուր Աբրահամյանն է (2012-2016թթ.): «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ն է:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ցուցահանդեսային կենտրոն»-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանին հարցրեց՝ Մշակույթի նախարարությունը տեղյակ եղել է արդյոք 626 անուն մշակութային արժեքների բացակայության մասին: «Այո՛, տեղյակ եղել է. անձամբ ես իմ վերադասներին պարբերաբար զեկուցել եմ այդ մասին: Աշխատանքները կորել են դեռեւս խորհրդային տարիներին: Որքանով տեղյակ եմ, դրանց հետ կապված պարբերաբար քրեական գործեր են հարուցվել: Ինքս բազմիցս ուղիներ եմ փնտրել այդ արժեքները վերադարձնելու համար. այդ մասին նամակագրական փաստեր էլ ունեմ:

Օրինակ՝ նկարիչներից ոմանք նախկին տնօրենների օրոք ստացականով վերցրել էին իրենց կտավները, տարել ցուցահանդեսների եւ այլեւս չէին վերադարձրել: Մենք գտել ենք, հետ բերել: Բայց եղել է նաեւ այնպես, որ, օրինակ, ժառանգներն ասել են, թե տեղյակ չեն՝ որտեղ են այդ արժեքները, կամ պարզվել է, որ դրանք խորհրդային տարիներին գտնվել են որեւէ գործարանում, դպրոցում, որոնք այսօր արդեն գոյություն չունեն»,- մեկնաբանեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը Մշակույթի նախարարությանը հարցրեց՝ եթե գերատեսչությունում այսքան տարիներ տեղյակ են եղել կորած մշակութային արժեքների մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկել դրանք վերադարձնելու ուղղությամբ: ««Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաքածուում առկա առարկաների փաստացի առկայության ստուգում եւ ներկայացրել տեղեկատվություն` բացակայող թվով 619 առարկաների վերաբերյալ:

Բացակայող առարկաների հայտնաբերման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը սահմանված կարգով դիմել է իրավապահ մարմիններին: ՀՀ քննչական կոմիտեն, հարուցված գործի հիման վրա, իրականացնում է հետաքննություն»,-ասված է Տիգրան Գալստյանի պատասխանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս