Գեղամ Գեւորգյանը ԱԺ էր պատվիրակվել «վերեւների» «դաբրոն» գրպանում դրա՞ծ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր իշխանությանն ամենից հաճախ քննադատում են կադրային ոչ ճկուն քաղաքականություն վարելու, «ոչ ճիշտ մարդկանց» «ոչ ճիշտ ոլորտներում» պաշտոնի կարգելու համար: Այս հարցում «մեղավորը» ոչ այնքան կադրային ռեսուրսների սղությունն է, որքան ավելորդ շտապողականությունն ու այլընտրանքի անտեսումը: Այնպես չէ, որ «մերժված» իշխանությունը փայլում էր կադրային հանճարեղ քաղաքականությամբ, եւ բոլոր պաշտոններում կարգվում էին սրբակենցաղներն ու անառարկելի հեղինակությունները:

Նախկինում, երբ քաղաքական մեծամասնությունն այս կամ այն պաշտոնում հաստատելու համար, օրինակ, ԱԺ-ին էր ներկայացնում որեւէ թեկնածուի, ոչ ոք կասկած չուներ, որ թեկնածությունը հաստատվելու է կողմ ձայների մեծամասնությամբ, քանի որ թեկնածուն ԱԺ էր պատվիրակվել «վերեւների» «դաբրոն» գրպանում դրած: Իսկ, ահա, այդ անբեկանելի «դաբրոյին» իրավական ուժ տալուն նախորդող խորհրդարանական քննարկումները, թեկնածուի հասցեին հնչող թթու կամ մռու ելույթները, որպես կանոն, քվեարկության պատկերի վրա էական ազդեցություն չէին ունենում` այսպիսով դառնալով «ծիսական ձեւականություն»: Այժմ էլ, կարծեք, դեռեւս կեսունակ է նախկին արատավոր պրակտիկան, որին ականատեսը եղանք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ:

Այդ միջոցառումը տեղի ունեցավ նախկին իներցիայով. եթե թեկնածությունը «մուտք է» եղել ԱԺ, ապա պետք է «ելք արվի» անպայման քվեարկությամբ հաստատված տեսքով: Թեեւ ընդդիմությունն՝ ի դեմս ԼՀԿ-ի, նախապես իր առարկությունները հայտնեց թեկնածու Գեղամ Գեւորգյանի վերաբերյալ /մասնավորապես, որ նրա աշխատանքային ստաժը չի բավականացնում ստանձնելիք պաշտոնի համար/ եւ առաջարկեց վարչապետին հանել վերջինիս թեկնածությունը, սակայն Գեւորգյանի թեկնածությանը, փաստորեն, այլընտրանք չգտնվեց, եւ, ի դեմս նրա, ունենք ՏՄՊՊՀ ոչ լեգիտիմ նախագահ:

Մինչդեռ այլընտրանքային թեկնածուի առաջադրումը, ապա եւ քվեարկությունը կապացուցեին, որ իշխանությունը ոչ միայն չի գնում նախկինների տրորած ճանապարհով՝ առաջնորդվելով սեփական որոշումների անշեղության, թիմակիցների անկրկնելիության սկզբունքով, այլեւ ձգտում է բոլորի կողմից ընդունելի պաշտոնյաներ ունենալ բոլոր ոլորտներում` այսպիսով հոգալով ոչ միայն վերջիններիս «գործի տեղավորման» ընթացակարգային հարցերը, այլ, որ ամենակարեւորն է, նրանց լեգիտիմության խնդիրը: Նախկին իշխանության օրոք էլ պաշտոնյաները նշանակվում կամ ընտրվում էին օրենքի տառին համահունչ, սակայն նրանց լեգիտիմությունը, որպես կանոն, վիճարկվում էր շատ-շատերի կողմից:




Լրահոս