Մասսայական մեծարում. Քաղաքացու օրը նշելը միայն Սերժ Սարգսյանի երկարաշունչ հրաժարականի հետևանքը չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբավ, արժանիքներ ու որեւէ ոլորտում ներդրում ունեցած անձին պատվավոր քաղաքացու կամ ազգային հերոսի կոչում շնորհելու ինստիտուտը վաղուց է գործում մեզանում եւ ոչ միայն մեզանում: Այս դեպքում մենք գործ ունենք մեկ կոնկրետ անձի, անհատի մեծարման, պատվանդանին դնելու եւ երկրպագելու ինստիտուտի հետ, սակայն մասսայական մեծարման, այսինքն՝ բոլոր քաղաքացիներին պատվո հարթակին կանգնեցնելու ու նրանց քաղաքացիական կեցվածքը խրախուսելու պրակտիկա մեզանում դեռ չի եղել:

Որպես այդ բացը լրացնելու փորձ կարելի է դիտարկել ՀՀ քաղաքացու օր սահմանելն ու դրան տոնի կարգավիճակ տալը: Նկատենք, սակայն, որ օրվա խորհուրդը ոչ բոլորի սրտով է. ոմանք կողմ են տոնը նշելուն եւ, հավանաբար, կմասնակցեն ՀՀ ամբողջ տարածքում կազմակերպվող միջոցառումներին, ոմանք էլ, հատկապես` նախկին իշխանության ներկայացուցիչները, ջղաձգորեն են արձագանքում տոնը նշելուն՝ այն ասոցացնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իրենց պարտության հետ:

Կարծում ենք` սխալ կլինի ՀՀ քաղաքացու օրը նշելու հիմքում թավշա հեղափոխության հաղթանակը դնելն ու այդ օրվա գոյությունը սոսկ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություներով պայմանավորելը: Այսօր նշվող տոնն իրականում միայն Սերժ Սարգսյանի երկարաշունչ հրաժարականի հետեւանքը չէ, այլ դրան նախորդած բազում օրերի, տարիների ակտիվ ու պասիվ, անծպտուն ու բարձրագոչ, զինված ու մերկ ձեռքերով պայքարի արդյունքի խտացումը՝ մեկ օրացուցային օրվա սահմաններում:

Նախկին իշխանության անդամները, բնական է, դեմ են Քաղաքացու օրվա հռչակմանը, քանի որ այն իրենցից գերմարդկային ճիգեր է պահանջելու` օրացուցային մեկ օրվա ընթացքում վերապրելու տասնյակ տարիների ընթացքում տեղի ունեցած անցքերի «լիամետրաժը»՝ պարբերաբար կեղծվող ընտրություններ, իշխանության ուզուրպացիա, «Մարտի 1», 80-ականների զենքեր, 800 հեկտար հող, ՊՊԾ գնդի գրավում, իսկ վերջում էլ՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Այդ պայքարի արդյունքի օրացուցային ամրագրումն այսուհետ ազդարարելու է նաեւ տարիներով հյուսված այն մեծ բլեֆի ի չիք դառնալը, ըստ որի՝ որեւէ կուսակցության իշխանություն հավերժական է, եւ երկրի որեւէ առաջնորդ անսխալական է ու անփոխարինելի: Բայց այս համատեքստում մի շատ կարեւոր հանգամանք էլ պետք է արձանագրել. Քաղաքացու օրը տոների ցանկ ներառելով` կառավարությունը ոչ միայն «փոխհատուցում» է հեղափոխության հաղթանակում քաղաքացու ներդրումը, այլեւ «գարանտ է կանգնում» հետագա այդպիսի ներդրումների համար, եթե որեւէ առաջնորդ հանկարծ որոշի թերագնահատել քաղաքացու դերը վերջինիս պատկանող իշխանությունն իրացնելիս:




Լրահոս