Մեկնարկել է բնակարանաշինության աջակցությանն ուղղված՝ 2019 թվականի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է, ծրագիրը՝ հստակեցվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին: Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են: Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների կամքը հաստատուն է: Նոր բնակարանի կառուցման լուրը ընտանիքներից մեկն ստացել է անակնկալ հեռախոսազանգով: Աջակցող կազմակերպությունների համատեղ որոշումը կայացվել է տարեսկզբին իրականացված շրջայցից ու նկարահանումներից հետո կատարված ուսումնասիրության արդյունքում:

Հասոյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում, 18 քմ մակերեսով վագոն-տնակում: Մետաղական կացարանի ու հողատարածքի գումարը մաս-մաս վճարելու համար, ընտանիքի հայրը երկու անգամ մեկնել է արտագնա աշխատանքի: Կառուցել է նաև ինքնաշեն ջերմոց՝ ապագայում հավելյալ եկամտի ակնկալիքով: Սակայն տուն ունենալու ցանկությունը մնացել է երազանք: Արդեն շուրջ ութ տարի, առողջական խնդիրներ ունեցող Սուրենն իր կնոջ և երեխաների հետ ապրում է մի փոքր սենյակում, որը ննջասենյակ, հյուրասենյակ ու լոգարան է ծառայում՝ օրվա տարբեր ժամերի: Կինը՝ Զարինեն, օրը համակարգում է հստակ ժամանակացույցով՝ տան բոլոր գործերը հասցնելու համար:

«Ամուսնուս ծնողների տանից մետաղական տնակ տեղափոխվելու որոշումը հեշտ չէր կայացնել, բայց ստիպված էինք. տասներկու հոգով ապրում էինք մեկ հարկի տակ: Երբ նոր էինք տեղափոխվել, ոչինչ չունեինք: Ջուրը վերցնում էինք հարևաններից: Այժմ, բարեկամների օգնությամբ՝ լուծել ենք ջրի խնդիրը, սակայն մենք դեռևս քնում, սնվում և լոգանք ենք ընդունում միևնույն սենյակում: Չնայած ռեսուրսների և հարմարությունների բացակայությանը, փորձում եմ թաքցնել անհանգստությունս ու հոգալ ընտանիքիս կարիքները: Եվ այդ ամենը՝ ժպիտով, որպեսզի երեխաներս չընկճվեն: Ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ կառուցել կամ գնել նոր տուն»,- ասաց Զարինեն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընթացիկ տարում, Հասոյանների համար տուն կկառուցվի:

«Մենք սկսում ենք 2019 թվականի՝ բնակարանաշինության ծրագիրը: Ուրախ եմ, որ այս գործընթացը շարունակվող է: Ոտքի կանգնող ամեն ընտանիքի հաջողություն մեր հաղթանակն է: Մի առիթով, այս ընտանիքներին համեմատել եմ քարը ճեղքող ծառի հետ, որը չի կոտրվում: Նրանց կողքին ճիշտ ժամանակին հայտնվելը հաճախ կարևոր ու մեծ փոփոխություն է բերում նրանց կյանք: Հպարտ եմ՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ տարիների գործընկերության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծրագրի շարունակականությունը բազում ընտանիքների համար երկար սպասված հույսերի իրականացումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ hամագործակցության շնորհիվ բազում ընտանիքներ են գտել իրենց երջանկությունը: Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավումը նրանց կյանքի որակական փոփոխության երաշխիքն է: Շնորհակալ ենք այս համագործակցության համար»,-ասել է « Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:




Լրահոս