Ինչ հարցեր կլուծվեն Դմիտրի Մեդվեդևի` «Հայոց լիս աշխարհ» մտնելուց հետո. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի «ոտը» առաջին անգամ չէ, որ «Հայոց լիս աշխարհն» է մտել, սակայն նա առաջին անգամ է մուտք գործում մեր երկիր մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին նրա մասնակցությունը հուշում է, որ այցը թեեւ տնտեսական օրակարգով է, սակայն հաշվի առնելով երկու երկրների ոչ այնքան հարթ հարաբերությունները` այցի օրակարգից կլինեն նաեւ այլ՝ քաղաքական թեմայով «շեղումներ»:

Օրակարգն այդ, նկատենք նախկին իշխանության օրոք գրեթե միշտ թելադարվել է «մեծ եղբոր» կողմից, սակայն ոչ միշտ է, որ հաշվի է առնվել դրան ընդդիմանալու ՀՀ-ի սուվերեն իրավունքը: Հեռու չգնանք եւ նշենք հենց ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցը. երբ այս հարցով ՌԴ իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, ՀՀ-ին մնում էր մեկ գիշերվա մեջ հոգալ այն ի կատար ածելու տեխնիկական հարցերը: Արդյոք ՀՀ նոր իշխանությունները նախկինների պես վերահսկելի, հետեւաբար՝ վստահելի են համարվո՞ւմ ՌԴ-ի կողմից:

«Նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են` ըստ նախատեսվածի: Իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է, եւ վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»,- իր պաշտոնակցին ողջունելիս հայտարարել է Փաշինյանը:

Վերջինս, նկատենք, օրեր առաջ էլ ասել էր, թե ռուսական էլիտայում կա որոշակի անվստահություն հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախկին ընդդիմադիրների եւ քաղաքացիական սեկտորի ակտիվիստների նկատմամբ՝ հույս հայտնելով, որ դա ժամանակի ընթացքում կհաղթահարվի: Նկատենք, որ ՌԴ-ի հանդեպ վստահության դեֆիցիտ կա նաեւ ՀՀ-ում` հատկապես այն հարցերի հետ կապված, որոնց լուծման մեջ ՌԴ-ն ունի ուղղակի կամ կրավորական դերակատարում: Հարցերից մեկն, օրինակ, «Մարտի 1»-ի գործն է, եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն ցուցաբերում է կողմնապահ մոտեցում՝ սատարելով նախկին իշխանության անդամներին, ի մասնավորի` Ռ.Քոչարյանին, որի եւ Պուտինի միջեւ, ինչպես գիտենք, «քիմիական կապ» է գործում:

Դե, իսկ այս գործով մյուս մեղադրյալի՝ նախկին Պնախարար Մ. Հարությունյանի` ՌԴ քաղաքացի լինելը ի չիք է դարձնում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հեռանկարը, քանի որ նրան չարտահանձնելու քաղաքական որոշումը կարծեք արդեն կայացվել է ՌԴ-ի կողմից: Օրակարգում է մեկ այլ քրեական «վտարանդիի»՝ Մ. Պողոսյանին քաղապաստան տալու հարցը, եւ այս հարցով Պուտինի կայացնելիք որոշումը լինելու է ինդիկատոր փոխադարձ վստահություն ամրապնդման կամ վիժեցման հարցում:




Լրահոս