Իշխանություն՝ ցպահանջ. ինչ նպատակ է հետապնդում ՀՅԴ-ի հայտարարությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարի իր 130 տարին բոլորող ՀՅԴ-ի Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը երեկ տարածած հայտարարության մեջ «դիագնոզել» է երկրում առկա իրավիճակը: Այդ դիագնոզի տեքստը կարծեք սոցցանցերում տիրաժավորվող ֆեյքնյուզից արված քաղվածք լինի, իսկ դրանում առկա որոշ ձեւակերպումներ հիշեցնում են հակաիշխանական որոշ գործիչների ֆեյսբուքյան ստատուսներն ու ելույթները, ինչպես օրինակ՝ ներկայումս ուղղորդված հեղինակազրկման արշավ է տարվում ազգային, ավանդական արժեքների, պետական հաստատությունների եւ սիմվոլների նկատմամբ, «հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետեւանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը», «Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը»։

Հատկապես վերջին մեջբերման հետ կապված` ակնհայտ է, որ «խուսափողականություն» ասելով` ՀՅԴ-ն նկատի ունի Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունը եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու նրա պնդումը: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից, Արցախն էլ չի խուսափում իրեն առնչվող խնդրի շուրջ սեփական դեմքով բանակցելու հանձնառությունից, ապա հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար:

Ինչ վերաբերում է նման կեցվածքի՝ համազգային համախմբմանը չնպաստելուն, ապա ՀՅԴ-ն «համազգային» ասվածի տակ հավանաբար նկատի ունի միայն իրեն, քանի որ գոնե ԼՂ խնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբումը վաղուց կայացած փաստ է: Հայտարարության ամենաուշագրավ հատվածը վերջին պարբերությունն է, որտեղ ՀՅԴ-ն, որպես ընդդիմադիր ուժ, ազդարարում է «ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձեւավորելու հանձնառություն» ստանձնելու մասին: Ինչպե՞ս եւ, ամենակարեւորը, ումո՞վ է ձեւավորելու այդ առանցքն ու իշխանությունը, եթե, ինչպես ասուլիսում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ի. Սաղաթելյանը, իրենց օրակարգում չկա իշխանափոխության խնդիր:

Ակնհայտ է, որ քաղաքական կյանքն այժմ կենտրոնացած է ԱԺ-ում, որից դուրս գտնվող քաղաքական սուբյեկտները առայժմ մարգինալ են: Իսկ քաղաքական զառամախտի շեմին գտնվող, 3.88% վստահության քվեով «ծերուկը», որպեսզի «տեսնի Անին ու նոր մեռնի», մեկ անելիք ունի՝ գործակցել ռեւանշի ձգտող ու իշխանափոխություն մտմտացող ուժերի հետ, ինչպես էլ որ դրանք կոչվեն, որտեղ էլ որ դրանք գտնվեն:




Լրահոս