Կոտրել կարծրատիպը. հաջողություն ունենալու համար պարտադր չէ իշխող ուժին անդամագրվելը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջողության լինում են ոչ միայն ջենթլմենները, այլ նաեւ կուսակցությունները, բայց միշտ չէ, որջենթլմենները նաեւ կուսակցական են լինում, իսկ կուսակցականները՝ ջենթլմեններ: Հաջողության կուսակցություններ, որպես կանոն, համարվում են իշխանություն, անդամների ու համակիրների մեծ բանակ ունեցող քաղաքական ուժերը: Ժամանակին այդպիսին էր, օրինակ, Կոմկուսը, եւ «պարտիական» լինելը կարիերայի սանդուղքով բարձրանալու եւ հաջողության հասնելու փորձված միջոց էր:

Երբ խորհրդային տարածքում ավարտվեց «հաջողության կուսակցության» տոտալ իշխանության էպոխան, պարտիականներն այդժամ այլ՝ նորահայտ կուսակցություններում հանգրվանածներն էին, օրինակ՝ ՀՀՇ-ում:

Երբ 2017թ.-ի ԱԺ ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին երկու-երեք ամսում 11 հազար մարդ է անդամագրվել ՀՀԿ-ին, դժվար էր պատկերացնել, որ բոլոր անդամագրվածները, որոնց մեծ մասը, ըստ մամուլի, «Գազպրոմ-Արմենիայի» եւ ՀԷՑ-ի աշխատակիցներն էին, կարդացել են ՀՀԿ-ի կանոնադրությունն ու կուսակցական են դարձել հանուն գաղափարի:

(Ակնայտ էր, որ անդամագրումը եղել է ոմանց «թանկագին խաթեր համար»): Այսինքն` այն, որ անխտիր բոլոր ՀՀԿ-ականները չէ, որ «ազնիվ պիոներականներ» են ու «գաղափարի մեռած» մարդիկ, քաջ գիտակցում էր նաեւ ՀՀԿ վերնախավը, եւ մասնավորապես` Սերժ Սարգսյանը:

Նա, ի դեպ, մինչ այս ՀՀԿ համագումարներց մեկի ժամանակ հայտարարել էր, թե անդամագրումներին զուգահեռ իրենց շարքերը զտվել են «ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, բաց տեքստով հայտարարել էր, որ իր ղեկավարած ուժը ոչ միայն ազնիվ գաղափարակիրների, այլեւ մասնավոր շահեր հետապնդողների, այսինքն՝ ֆիկտիվ ՀՀԿ-ականների թաքստոց է ծառայել:

Հեղափոխության ու դրան հաջորդած օրերին ականատես եղանք մի տեսարանի, երբ ոմանք ցուցադրաբար պատռում ու անարգում էին իրենց ՀՀԿ-ական անդամատոմսերը, շատերն էլ սուսուփուս էին լքում ՀՀԿ-ն: Արդյոք երբեմնի «հաջողության կուսակցության» «ջենթլմենները» հենց այդ ֆիկտիվ, այսինքն՝ ապագաղափարական, մասնավոր շահերի համար «Հանրապետական մտածները» չէին, որոնք փորձության ժամին առանց խղճմտանքի լքեցին նավը: Եւ քանի որ հաջողության կուսակցության էստաֆետն այժմ ՔՊ-ն է ստանձնել, մեծ է ռիսկը, որ այժմ էլ այն կարող է անձնական շահերի սպասարկման տանիք դառնալ շատերի համար:

Ուստի պետք է կոտրել այն կարծրատիպը, ըստ որի՝ կարիերա անելու ու հաջողության հասնելու համար պարտադիր է իշխող ուժին անդամագրվելը, հատկապես որ հաջողությունը հարափոփոխվող երեւույթ է:




Լրահոս