Ո՞ւմ է խանգարում Գագիկ Ծառուկյանը, և ո՞վ է մեկուսացնողը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական կազմակերպության հենքի վրա ձեւավորված «Քաղաքացու որոշում» կուսակցության գրած նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, իսկական խառնաշփոթ էր առաջացրել հայրենի քաղաքական դաշտում: Գլուխկոտրուկ թվացող էր իրավիճակը. մանդատից կզրկվի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ, քրգործ կհարուցվի՞ Ծառուկյանի նկատմամբ՝ ԱԺ-ում իր բիզնես շահերն առաջ տանելու, հետեւաբար` գործարարությամբ զբաղվելու համար, եւ վերջապես արդյոք ողջ ԲՀԿ-ն վայր կդնի՞ մանդատները Ծառուկյանի հետ միասին՝ առաջացնելով սահմանադրական ճգնաժամ այլն:

Այս ընթացքում իշխող խորհրդարանական ուժը մի քանի փակ հանդիպումներ ունեցավ՝ իրավիճակին լուծում գտնելու համար, սակայն այն այդպես էլ չէր գտնվում: Եւ, ահա, երեկ՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատություն ենթադրող նամակ գրեց՝ նրա ելույթների եւ տված հարցազրույցների ընթացքում հնչեցրած հայտարարություններից առաջացած արդարացի մտահոգությունների եւ ողջամիտ կասկածների մասին, որ պատգամավոր Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ:

«Կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի` պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով եւ չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի»:

Սա նշանակում է, որ գտնվեց ամենամեղմ տարբերակը երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հետ փոխհարաբերությունները կարգավորելիս: «Իմ քայլը» որոշեց չանել կոշտ քայլեր: Ու, մի կողմից, ունենալով կոնկրետ կուսակցության նամակ-սպառնալիքը, նրա թիկունքում եւ հեռու գործող հասարակական կազմակերպությունների սպասվող ճնշումները, այդ թեմայով` հասարակական մյուս շերտերի ախորժակը` գահազուրկ տեսնելու Ծառուկյանին` ԱԺ նախագահն, այնուամենայնիվ, որոշեց ընդամենը առաջարկել Ծառուկյանին հանդես գալ պարզաբանումով: Իհարկե, նա դա կանի ու կանի շատ համոզիչ: Եւ այսքանով թեման կավարտվի մինչեւ նոր շահեր: Իսկ շահեր միշտ կլինեն, բախումներ՝ անխուսափելիորեն, ու իրավակարգավորումներն էլ, ավանդաբար, կմնան թղթի վրա:

Հ. Գ. Եւ հանուն արդարության պետք է նշել, որ, ըստ էության, քաղաքականությունից մեկուսացնելու փորձ է արվում մարդու, որը 2 տասնյակից ավելի աշխատատեղեր է ստեղծել: Իսկ փորձողնե՞րը..




Լրահոս