ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ ԱՆԳԱՄ ԿՈՒՍԱԿԻՑ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Արփունիք համայնքում տեղի ունենալիք գյուղապետի ընտրություններն իրենց նշանակությամբ այնքան կարեւոր են, որ ՀՀ վարչապետի մոտ հատուկ խորհրդակցություն է կայացել այդ առնչությամբ: Ընդ որում, հարցին լուծում չի տրվել. գործող ռեժիմն արդեն ի վիճակի չէ վերահսկել յուրայինների քայլերը:Տեղեկացնենք, որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես սատարում է գործող գյուղապետ Սարգիս Ասլանյանի թեկնածությունը, իսկ ԺԱԿ կուսակցության նախագահ,  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը` Արթուր Դանիելյանին: Երկու կողմերն էլ հասցրել են մի քանի օրվա ընթացքում դարձյալ շուրջ 30 իրենց հավատարիմ մարդկանց գրանցել Արփունիքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծված իրավիճակը հարթելու համար իր մոտ է հրավիրել ՀՀԿ-ի Գեղարքունիքի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին եւ Սպարտակ Մելիքյանին: Նրանց հանձնարարվել է իրավիճակը վերահսկել: Գրիգորյանն ասել է, որ չի խառնվի այդ ամենին, հեռվից կվերահսկի, իսկ Սպարտակ Մելիքյանը կգործի ավելի մոտ տարածությունից: Ու հենց այս հանդիպումից հետո գյուղացիները տեղեկացրին, որ Սպարտակ Մելիքյանը գնացել է Արփունիք եւ բողոքի ակցիաներ իրականացրել: Այլ գյուղերից նա մարդկանց է հավաքել, տարել Արփունիք, որոնք պաստառներով պահանջել են գյուղի դպրոցի տնօրեն Նելլա Վարդանյանի հրաժարականը, որը, ըստ Մելիքյանի, քարոզչություն է իրականացրել գյուղապետի օգտին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սպարտակ Մելիքյանը ակցիայի իմաստը այսպես բացատրեց. «Բա եթե ինքը ապօրինի քարոզչություն է անում, ինչո՞ւ մենք չպիտի բողոքենք»:Այնուհետեւ բողոքի ակցիայի մասնակիցները ուղեւորվել են դեպի գյուղապետարան: Այնտեղ գյուղապետին է հանդիպել համայնքների միության ղեկավար Սամվել Մկրտչյանը, թե ինչ են խոսել, անհայտ է, բայց փաստ է, որ գյուղացիներին Մելիքյանը «թասիբի» է գցում, որպեսզի ընտրեն իր ցանկալի թեկնածուին: «Էդ գյուղապետը թալանչի է, ինչո՞ւ պիտի նորից ընտրվի: Բացի այդ, փախստականներին ճնշում են, խեղճացնում են, դրա համար էլ ես գնացել եմ գյուղ, որ օգնեմ նրանց»,-ասաց փախստականների ինքնահռչակ օմբուդսմեն պատգամավորը: Մենք հարցրինք, թե չեն վախենում, որ «հայաստանցի-ղարաբաղցի» ջրբաժանից հետո էլ կարող են «փախստականներ եւ տեղացիներ» խնդիր առաջացնել: «Ոչ, ինչո՞ւ եք տենց ասում, բա խեղճացնեն գյուղապետերը մարդկանց, ոչ մեկ նրանց չօգնի՞»,-պատասխանեց պատգամավորը`  նշելով, որ բոլոր գյուղերում էլ ինքը օրինականություն է պաշտպանել:Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է գնացել Գեղամասարի պայմանագրային զորամաս` աշխատակիցներին համոզելու, որ բաց քվեարկեն Արթուր Դանիելյանի օգտին, Մելիքյանը պատասխանեց. «Եթե ես գնացել եմ, հանդիպում եմ ունեցել, դուք ի՞նչ գիտեք, թե ինչ ենք խոսել: Նման բան չկա»: Ու այդպես էլ անհասկանալի մնաց զինվորականներին քաղաքականության մեջ ներքաշելու նրա քայլերի տրամաբանությունը: Թեեւ այս կյանքում անհասկանալի բաներ գրեթե չեն լինում:Գուցե չանդրադառնայինք հեռավոր այդ գյուղի գյուղապետի ընտրություններին, եթե դրանք այդքան պարզ չարտացոլեին իշխանության ներսում եղած տրամադրությունները: Փաստորեն, ՀՀ վարչապետը, որը կոչված է վերահսկելու ընտրական գործընթացները Հայաստանում, անզոր է: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այլեւս իշխանություն չունի, պարզապես իներցիայով դեռ որոշումներ է կայացնում: Վաղուց արդեն իշխանության ամենաբարձր օղակներից իջեցված հրահանգները չեն կատարվում ու չեն կատարվում հենց «մանր իշխանիկների» կողմից: Ու եթե այս տրամադրություններով եւ դեմքերով Սերժ Սարգսյանը գնա խորհրդարանական ընտրությունների, վերջնականապես կձախողվի, քանի որ տեղերում եղածները իրենք են իրավիճակի տերը եւ իրենք են թելադրում պայմանները: Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից վաղուց կանխատեսված ավազակապետական ռեժիմի տապալումը ավելի քան մոտ է:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս