«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Մայքլ Քոթանջյանն է: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, խոսել ենք նախասիրությունների մասին: Մայքլը պատմել է իր կյանքի դժվարին փուլի, իր լավագույն խորհրդատուի եւ իր մասին լսած վերջին զվարճալի բամբասանքի մասին:

-Մա՛յքլ, օրը սկսում եք…
-Երեխաների ճիչերով, որոնք հաճախ փորձում են ինձ արթնացնել:
-Անսպասելի առաջարկ, որ երբեւէ ստացել եք:
-Ֆիլմում խաղալու առաջարկ այնպիսի դերով, որն, իսկապես, ինձ համար անսպասելի էր: Չընդունեցի այն, որովհետեւ իմ սրտով չէր, բայց չեմ ասի, թե խոսքն ինչի մասին է:
-Տնից երբեք դուրս չեք գալիս առանց…
-Բջջային հեռախոսի:
-Մարդ, որի ասածը Ձեզ համար օրենք է:
-Հայրիկս: Որեւէ նախագիծ, որեւէ գործ սկսելիս նախ նրա խորհուրդը, կարծիքն եմ լսում, հետո նոր՝ մյուսների: Ընդհանրապես, կարեւորում եմ մտերիմ մարդկանց կարծիքը, քանի որ այն ավելի մոտ է իրականությանը:
-Նախընտրում եք, որ խոսեն Ձեր անձի՞, թե՞ Ձեր ստեղծածի մասին:
-Անկասկած, հաճելի է, երբ խոսում են իմ արածի մասին:
-Ձեր ամենամեծ կռիվը, պայքարը ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է:
-Քանի որ արվեստի մարդ եմ, անհանգստանում եմ հենց արվեստի հետ կապված հարցերով: Կուզեմ, որ մեր երկրում ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ արվեստի մարդիկ իրենք իրենց ռեալիզացված կզգան:
-Ներսում շա՞տ հակասություններ ունեք:
-Հակասություններ անընդհատ կան, անընդհատ մտածում ես ճիշտ ու սխալի մասին, քննադատում ես ինքդ քեզ: Նորմալ է, պետք է այդպես լինի:
-Ձեր հանդեպ գործած չարիքը նախընտրում եք մոռանա՞լ, թե՞ վրեժ լուծել չարագործից:
-Ժամանակին էմոցիոնալ էի եւ ցավոտ էի տանում ամեն բան, սրտիս մոտ էի ընդունում: Բայց հետո ուրիշ արժեքներ առաջ եկան, եւ այն ամենը, ինչ նախկինում ինձ համար կարեւոր էր, դարձավ ոչ էական: Հիմա ավելի էական արժեքներ են ի հայտ եկել, ուստի տհաճ երեւույթները անտեսում եմ կամ արհամարհում:
-Ձեր դատողությունները հիմնականում անում եք գիտակցակա՞ն, թե՞ ինտուիտիվ մակարդակում:
-Ինտուիցիաս հաճախ խաբում է ինձ, ուստի հենվում եմ բանականությանս վրա: Առհասարակ, գիտնականներն էլ պնդում են, որ տղամարդկանց ինտուիցիան նույնքան զարգացած չէ, որքան կանանցը:
-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս կառավարության գործունեությունը:
-Մեծ հույսեր ունեմ, որ մեր ժողովուրդն, ի վերջո, կապրի օրենքի երկրում: Իհարկե, դա չի կարող մեկ օրում, մեկ տարում լինել: Հայերս անհամբեր ժողովուրդ ենք, ուզում ենք՝ ամեն ինչ հենց այդ պահին լինի: Մարդիկ համախմբվում են ինչ-որ գաղափարի շուրջ, հետո շատ շուտ հուսահատվում են: Դա լավ չէ: Եթե վստահել ենք այս իշխանությանը, ուրեմն վստահենք մինչեւ վերջ, որպեսզի ցանկալի արդյունքին հասնենք:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած վերջին զվարճալի բամբասանքը:
-Տարածել էին, թե իբր բիզնես ունեմ: Իհարկե, կցանկանայի, բայց, ցավոք, դա ճիշտ չէ (ծիծաղում է):
-Ձեր կյանքի դժվարին փուլը ե՞րբ է եղել:
-Սարսափելի 1990-ականներին՝ մութ ու ցուրտ տարիներին: Դա իմ կյանքում անցումային շրջան էր, պետք է կարողանայի կայանալ, եւ շատ իղձեր ու նպատակներ կոտրվեցին: Երբեք չեմ մոռանա այդ շրջանը եւ չեմ ուզի, որ երեխաներս հանկարծ նման օրեր տեսնեն:
-Չեք հանդուրժում ուշացողների՞ն, շատախոսների՞ն, թե՞ բարձրախոսներին:
-Շատախոսներին կարող եմ հանդուրժել, բայց բարձր խոսողներին ու ուշացողներին՝ դժվար է:
-Միշտ փորձել եք այնպես ապրել, որ…
-Վաղը իմ երեխաները իրեց հոր, իրենց ազգանվան համար չամաչեն, հիշեն ինձ որպես դրական անձնավորություն:
-Հայտնիներից ո՞ւմ եք երկրպագում:
-Շատ են` Մհեր Մկրտչյանից մինչեւ Ալ Պաչինո: Կան գիգանտներ, որոնց աշխատանքին անընդհատ հետեւում ես ու սովորում:
-Երբեք չեք կարող անտարբեր անցնել…
-Հենց անտարբերության կողքով: Դա մարդու վատագույն հոգեվիճակն է: Չեմ ուզի, որ որեւէ հարցի անտարբեր մոտենանք…

 

 

 

«ՔԱՆԴՎԱԾԸ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՉԷ»

Արեւմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը. այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նաեւ նշվում է, որ ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքեւի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։ «Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռեւս ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ։ Պարզվում է, սակայն, որ ինտենսիվորեն տարածվող այս տեղեկատվությունը հավաստի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրականագետ, չարենցագետ Հովիկ Չարխչյանը հավաստիացրեց, որ քանդված տունը Չարենցինը երբեք չի եղել:
«Տարիներ շարունակ հատկապես հայկական տուրիստական գործակալությունները շահարկել են այդ փաստը այցելուներին հրապուրելու համար: Չարենցասերները գնացել, խնկարկել են այդ վայրում, մոմեր են վառել, բանաստեղծություններ են կարդացել՝ չիմանալով, որ այդ տունը երբեք Չարենցին կամ նրա ընտանիքին չի պատկանել: Իսկ թե որն է եղել Չարենցի տունը, հստակ նկարագրված է նրա «Երկիր Նաիրի» վեպում: Բավական է ուշադիր ընթերցել այդ մասը, եւ մարդիկ կհասկանան, որ Չարենցի տունը Կարսի բոլորովին այլ հատվածում է գտնվում: Գուցե այն այլեւս գոյություն չունի, գուցե քանդված է, համենայն դեպս դա այն տունը չէ, որի մասին ահազանգում են»,- մեկնաբանեց պարոն Չարխչյանը:
Նա նույնիսկ հիշեցրեց՝ տարիներ առաջ մշակույթի նախարարներից մեկը, չտիրապետելով ճշգրիտ փաստերին, ցանկություն էր հայտնել գնել այդ տունը եւ այնտեղ հյուրանոց կառուցել: «Մեր ահազանգերից հետո այդ գործարքը չեղարկեցին, այդ մտադրությունից հետ կանգնեցին»,- եզրափակեց գրականագետը:

Նյութերը՝ Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ
Կայացավ Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի «Լացիո»-«Միլան» դիմակայության առաջին հանդիպումը: Թիմերը գոլեր չխփեցին, եւ գրանցվեց ոչ-ոքի: Ինչպես ասում են, օվկիանոսը փոթորկից առաջ միշտ էլ խաղաղ է լինում։ Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 24-ին: Ենթադրվում է` այն անցնելու է լարված:

 

 

ԿԱՐՈՂ Է ՌՈՆԱԼԴՈՒՆ ԼԻՆԵԼ
Անգլիական մի շարք պարբերականներ նշում են, որ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է վերադառնալ «Մանչեստեր Յունայթեդ»: Աղբյուրի փոխանցմամբ` մանչեստրյան ակումբը ամեն ինչ կանի պորտուգալացուն վերադարձնելու համար, սակայն Goal-ն էլ հայտնում է, որ Ռոնալդուն երջանիկ է Թուրինում եւ այլ ակումբ տեղափոխվելու միտք չունի:

 

 

ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Փետրվարի 24-ին Հայաստանի ՄԻԿԱ մարզահամալիրում կայացավ MIX FIGHT 40 մրցաշարը, որտեղ աշխարհի չեմպիոն դարձավ Ռազմիկ Ղուլինյանը, իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Դավիթ Խաչատրյանը: Ինչպես տեղեկացնում է Վարդան Մնացականյանը, MIX FIGHT 42 մրցաշարը նույնպես կկայանա Հայաստանում:

 

 

ՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի` «Դորտմունդի Բորուսիան» լքելու պատճառների մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։ Ըստ գերմանական «Բիլդ» պարբերականի լրագրող Պիտ Գուշալկի` Տուխելը հեռացվել է դորտմունդյան ակումբից իր արտահայտության համար։ 2017 թվականի ապրիլի 11-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Մոնակոյի» դեմ խաղից առաջ «Բորուսիայի» ավտոբուսը հարձակման է ենթարկվել մրցակից թիմի երկրպագուների կողմից: Գերմանական թիմի մարզական տնօրեն Յոախիմ Վացկեն եւ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը քննարկել են ֆուտբոլիստների հետ՝ խաղալ հանդիպումը, թե ոչ։ Այս հանգամանքը դուր չի եկել Տուխելին, եւ նա ասել է՝ այս թշվառների հետ ինչպե՞ս պետք է հաղթեմ «Բավարիային»: Այս ամենը դուր չի եկել Վացկեին, եւ մրցաշրջանի վերջում Թոմաս Տուխելը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից։

 

 

ՉԻ ՊԱՏԺՎԻ
Իսպանիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել չպատժել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին «Ատլետիկոյի» դեմ խաղում ցուցադրած վիրավորական ժեստի համար։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հանձնաժողովը բողոք էր ներկայացրել Իսպանիայի ֆեդերացիա՝ ուելսցի ֆուտբոլիստի պահվածքը որակելով սադրիչ եւ վիրավորական նշան՝ ուղղված «Ատլետիկոյի» երկրպագուներին: Եթե ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշեր պատժել Բեյլին, ապա «Ռեալի» աստղին մինչեւ 12-խաղյա որակազրկում էր սպառնում:




Լրահոս