Ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, կայացնում է կեղծ որոշումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայտարարությունը.

Սիրելի բարեկամներ,

Երեւանի քաղաքապետարանը «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ եմ ներկայացրել ես:

ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված այս մրցույթը մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում հարուցելով Հայաստանի շախմատային աշխարհի որոշ ներկայացուցիչների դժգոհությունը:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում արձանագրել.

– Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարել է՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ու կարծում եմ, որ պնդումները, թե «այդ մրցույթը չպետք է վերաբերվի» այս դեպքին, հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

– Ինձ համար անհասկանալի է գնահատականը, թե այդ մրցույթի անցկացումը որոշ շրջանակների համար եղել է անակնկալ: Երեւանի քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով նախկինում եւս հայտարարել է մրցույթ, ընդ որում, ոչ մեկ անգամ: Սակայն այդ մրցույթները չեն կայացել, քանի որ որեւէ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:

Նախկին իշխանությունները, եւ առ այսօր նրանց հավատարիմ որոշ կադրեր ներքին կարգով արել են ամեն ինչ՝ այդ մրցույթին որեւէ մեկի մասնակցությունը բացառելու, ըստ այդմ՝ մրցույթը շարունակաբար չեղյալ հայտարարելու համար, եւ դա արել են անաղմուկ:

04.05.2019թ. մի խումբ գրոսմայստերներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բացասական վերաբերմունք հայտնելով մրցույթի անցկացման կապակցությամբ եւ նշելով. ՛՛Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի  աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին՛՛:

Ստեղծվել է իսկապես անհարմար իրավիճակ. մի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող ոտնահարել օրենքն ու չի կարող չեղյալ ճանաչել հայտարարված մրցույթը, այսինքն՝ չի կարող բավարարել բարձրացված հարցը: Մյուս կողմից, սակայն, ստեղծված իրավիճակը կարող է կրքերի անհարկի լարման, եւ կրկին քաղաքական շահարկումների պատճառ դառնալ:

Ինքս լինելով շախմատային աշխարհի ներկայացուցիչ՝ կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ, խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաեւ հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել ՛՛Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ:

Այսքանով հանդերձ, սակայն, ցանկանում եմ արձանագրել հետեւյալ իրողությունը.

Տեսնելով անվանի գրոսմայստերների միահամուռ հրապարակային արձագանքն ի պաշտպանություն մեր գործընկերոջ, ափսոսանք եմ հայտնում, որ նրանք նույնքան միահամուռ բողոքի ձայն չբարձրացրին այն ժամանակ, երբ Հայաստանի շախմատայի ֆեդերացիայի՝ կեղծիքով ընդունված ապօրինի որոշումների հետեւանքով ինձ հղի վիճակում դուրս թողեցին Շախմատի Հայաստանի կանանց հավաքականից:

Ինչպես հայտնի է, ես դիմել եմ դատարան, ու թեեւ դեռ չի ավարտվել դատաքննությունը, բայց արդեն, ըստ էության, ապացուցված կարելի է համարել հանգամանքը, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի խորհրդի 16.12.2017թ. որոշումը, որով սահմանվել էր հավաքականների կազմավորման նոր կարգը, ընդունվել է օրենքի խախտմամբ. այդպես էլ խորհրդի իրավազոր նիստ տեղի չի ունեցել, քանի որ հակառակ կանոնադրության պահանջին, ներկա չեն եղել անդամների երկու երրորդը, հետեւաբար՝ նրանց ընդունած որոշումն իրավական ուժ չունի:

Բայց սա իմ կարծիքով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայացրած միակ կեղծիքը չէ: Հասկանալով, որ վերոնշյալ խորհրդի նիստը ապօրինի է ֆեդերացիայում որոշել են դիմել եւս մեկ նման քայլի. հորինել նոր կանոնադրություն, հարմարեցնելով 2018թ. ինձ հավաքականում չընդգրկելու պահանջներին:

http://chessfed.am/cimages/files/%D5%93%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%20%D6%86%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%20%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20(3).pdf

Ահա ֆեդերացիայի կայքում, ետին թվով ներկայացված այդ փաստաթուղթը, որը պետական ռեգիստր է ներկայացվել 18.07.2018թ. եւ իբրեւ ընդունվել է դրանից մեկ տարի առաջ՝08.07.2017 տեղի ունեցած ՀՇՖ արտահերթ կոնֆերանսի կողմից:

Շատ տարօրինակ է, որ 2017թ. կայացած կոնֆերանսում իբր ընդունված նոր կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ ԱՆ պետական ռեգիստր մեկ տարի անց, զարմանալի զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ես բողոքի ձայն բարձրացրի հավաքականների կազմավորման կարգի դեմ, երբ ամիսներ շարունակ դիմում էի ֆեդերացիա՝ խնդրելով տրամադրել համապատասխան փաստաթղթեր, բայց այդպես մնում անպատասխան:

http://chessfed.am/gallery/albums/5ad9ad84b9fffd17a0f035d7

08.07.2017թ. տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ոչ թե արտահերթ կոնֆերանս, ինչպես նշված է ՀՀ ԱՆ պետական ռեսգիստր ներկայացված փաստաթղթում, այլ անցկացվել է հաշվետու ընտրական կոնֆերանս:

Ոչ միայն ֆեդերացիայի կայքում, պաշտոնական հաղորդագրություններում, այլեւ բոլոր լրատվամիջոցների անդրադարձում եւ տեսանյութերում անգամ բառ չկա, որ կոնֆերանսի օրակարգում եղել է կանոնադրության փոփոխության հարց:

Ստացվում է՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստր է ներկայացվել ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթուղթ, այդպիսով խաբելով պետությանը:

Ու հիմա, երբ ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, ըստ էության, կայացնում է կեղծ որոշումներ:

ՀՀ ԱՆ պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի կեղծված լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ արտահերթ կոնֆերանսի մասնակիցների եւ ընդունված որոշումներին կողմ քվեարկածների թվում նշված է նաեւ իմ անունն այն դեպքում, երբ ինքս ներկա չեմ գտնվել այդ միջոցառմանը, ավելին՝ այդ օրերին բացակայում էի ՀՀ-ից եւ մասնակցում շախմատային մրցաշարի: Կոնֆերանսից առաջ էլ ես չեմ ստացել պատվիրակի մանդատ կամ հրավիրատոմս: Նույնկերպ կոնֆերանսի մասնակիցների թվում նշվել են մարդկանց անուններ, որոնք եւս բացակայել են նիստից:

Ներկաներից բոլորն էլ գիտեն՝ 2017թ. կոնֆերանսի օրակարգում չի եղել ֆեդերացիայի կանոնադրությունը փոփոխելու եւ նոր խմբագրությամբ կանոնադրություն ընդունելու մասին որեւէ հարց: Ահա այդ փաստաթուղթը, որտեղ յուրաքանչյուրդ կգտնեք ձեր անունը: Նրանք, ովքեր չեն մասնակցել այդ կոնֆերանսին, բայց գրված է նրանց անունը եւ նրանք, ովքեր մասնակցել են եւ գիտեն իրականությունը, թող քաջություն եւ ազնվություն ունենան բարձրաձայնելու այդ մասին:

Ակնկալում եմ, որ իրենց գործընկերոջ պաշտպանության նպատակով բողոքի ձայն բարձրացրած այն գրոսմայստերները, ովքեր ներկա են եղել վերոնշյալ կոնֆերանսին, առաջինը ձայն կբարձրացնեն, այլապես կարող եմ մտածել, որ ձեր գործողություններում դրսեւորվում է կողմնակալ միակողմանի վերաբերմունք գործընկերների խնդիրների հանդեպ:

Սիրելի Հայկական շախմատային աշխարհ,

Այսօր ես կատարում եմ մեկ քայլ ետ, որպեսզի մարզադպրոցի հետ կապված հարցը գոնե ժամանակավոր լուծում ստանա, բայց ձեզանից էլ ակնկալում եմ, որ ուղղորդեք ինձ հասկանալու այդ ինչպես է ստացվում՝ կարելի է դիմել վարչապետին եւ քաղաքապետին ըստ անհրաժեշտության սահմանադրությանը դեմ գործողության դիմելու համար, սակայն կարելի է լռել երբ քո վերադասը կատարել է պետությանը խաբող եւ ձեզանից մեկին հարվածող գործողություն, այն էլ՝ նման նուրբ կարգավիճակում:

Ես միշտ կարծել եմ, որ ՖԻԴԵ-ի` «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսը դատարկ խոսքեր չեն:

Հարգանքներով

Շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ

Լիլիթ Գալոյան

06.05.2019




Լրահոս