Զարմանքով ու ցավով ենք ծանոթացել «Ժողովուրդ» օրաթերթի ս.թ. մայիսի 6-ի էլեկտրոնային էջերում «Ֆեդերացիան իր նոր որոշումները կայացնելիս հղում է անում նոր կանոնադրությանը, կայացնում է կեղծ որոշումներ» ապակողմնորոշող վերնագրով ու մտահոգիչ բովանդակությամբ հոդվածին։
Մեջբերելով Շախմատի ֆեդերացիայի կայքում հրապարակված տեղեկատվության առանձին կտորներ Լիլիթ Գալոյանի կողմից փորձ է արվել անառողջ աղմուկ ստեղծել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի շուրջ։ Նպատակ հետապնդելով բացառել հասարակական ընկալումներում Շախմատի ֆեդերացիայի մասին հերյուրանքների տարածումը, ակնկալում ենք սույն նամակի ամբողջական հրապարակումը ձեր կայքում և թերթում։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան պարզաբանում է. Լիլիթ Գալոյանը հավաքականում չի ընդգրկվել ցածր վարկանիշային ցուցանիշների պատճառով:
Լիլիթ Գալոյանը իր նամակում ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը, փորձ է անում իրավիճակը ներկայացնել իրեն ձեռնտու լույսի ներքո՝ անհիմն մեղադրանքներ և պահանջներ ներկայացնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային և շախմատային համայնքին:
Հաշվի առնելով, որ իրավիճակը նամակում ներկայացված է աղճատված և միակողմանիորեն, ինչը հանրության շրջանում կարող է անարդարացիորեն սխալ ընկալում ձևավորվել, ստորև ներկայացնում ենք Շախմատի ֆեդերացիայի պարզաբանումը:
2017 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհուրդը որոշում է կայացրել 2018 թվականի Հայաստանի կանանց հավաքականը կազմավորել է հետևյալ կերպ.
2 շախմատիստ՝ 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներով,
1 շախմատիստ՝ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով.
2 շախմատիստ՝ մարզիչների առաջարկությամբ՝ ֆեդերացիայի որոշմամբ: Թիմի երկու անդամների ընտրության համար հիմք ընդունելով 2018 թվականի հունվարից մայիս ամիսներ ընկած ժամանակահատվածի միջազգային ելույթները: 2 շախմատիստների անունները հրապարակել մայիս ամսին:
Լիլիթ Գալոյանը 2017թ. իր ունեցած ցածր միջազգային վարկանիշի և 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ տեղի պատճառով չի ընդգրկվել 2018 թվականի Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում: Ավելացնենք նաև, որ Գալոյանը 2018 թվականին չի մասնակցել որևէ միջազգային մրցաշարի:
2017 թվականի դեկտեմբերի 16-ին ֆեդերացիայի խորհրդի նիստի անդամները ՀՀ շախմատի ազգային հավաքականների կազմավորման կարգը որոշելիս ղեկավարվել են 2006 թվականին ընդունած կանոնադրությամբ, այլ ոչ թե ինչպես նշում է Գալոյանը՝ նոր կանոնադրության 8.19 կետի դրույթներով: Եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու՞ է Գալոյանը որոշել, թե փոփոխությունները ընդունվել են նոր
կանոնադրության 8.19 կետի համաձայն: Դա ընդամենը իր ենթադրություններն են, որոնք որևէ փաստով չեն հաստատվում:
«Հայաստանի շախմատային ֆեդերացիա»-ի 2006թ. դեկտեմբերի 2-ի կոնֆերանսում հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2006թ. դեկտեմբերի 29-ին:
Կազմակերպության նշված հիմնադիր փաստաթուղթը գործել է մինչև 2017 թվականի հուլիսի 8-ը, այդ օրը արտահերթ կոնֆերանսի կողմից հաստատվել է ֆեդերացիայի նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Փոփոխված կանոնադրությունը ՀՀ իրավաբանական
անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է 2018թ. հուլիսի 27-ին:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն.
Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:
Նույն իրավանորմի 5-րդ կետի համաձայն. Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը: Վերը նշված փաստական հանգամանքների և հիշատակված իրավական նորմերի վերլուծությունը, հնարավորություն է տալիս պնդելու, որ մինչև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նոր խմբագրությամբ
կանոնադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի հուլիսի 27-ը, ուժի մեջ է եղել և գործել է ֆեդերացիայի 2006թ. ընդունած կանոնադրությունը:
Հին Կանոնադրությամբ ընդհանրապես ամրագրված չէր, թե ով և ինչպես էր ձևավորում հավաքականների թիմերի կազմը:
Ֆեդերացիան 2018 թվականի հավաքականի կազմավորման կարգի մասին տեղեկացրել էր շախմատիստներին, այդ թվում նաև Գալոյանին, ով հասկանում էր, որ եթե ցանկանում է 2018 թվականին հայտնվել կանանց հավաքականի կազմում, ապա պետք է մասնակցի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին: Մասնակցելով մրցաշարին, Գալոյանը զբաղեցրել էր երրորդ-չորրորդ տեղերը, կիսելով այն Աննա
Սարգսյանի հետ:
Հավելենք, որ Գալոյանը 2010 թվականից մինչև 2017 թվականի ներառյալ չի մասնակցել Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարին:
Մրցաշարի ավարտից հետո երկրորդից չորրորդ տեղ գրաված շախմատիստուհիները /այդ թվում նաև Գալոյանը/ կարող էին պայքար տանել հավաքականի երկու թափուր տեղերի համար:
2018 թվականի մարտի սկզբին Ֆեդերացիան առաջարկել էր Գալոյանին իր ընտրությամբ որևէ միջազգային մրցաշարի մասնակցություն՝ ֆեդերացիայի հովանավորությամբ: Այդ փաստն ընդունում է նաև Գալոյանը իր դիմումում: Սակայն, Գալոյանը մերժել էր այդ առաջարկը՝ պատճառաբանելով այն վատառողջությամբ: Ինչպես նշում է Գալոյանը իր դիմումում՝ «իմ կողմից շատ սպասված նոր կարգավիճակս
անսպասելիորեն հանդիսացել է խոչընդոտ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցելու համար»:
Այսպիսով Լիլիթ Գալոյանը օբյեկտիվորեն չի ընդգրկվել Հայաստանի շախմատի 2018 թվականի կանանց հավաքականի կազմում, հաշվի առնելով հետևյալ փաստերը.
ա/ 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների ցուցանիշներն են՝ 2277 և 2300, միջինը՝ 2289: Հետևաբար, նա չէր կարող ընդգրկվել 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշների միջին ցուցանիշներ ունեցող 2 շախմատիստների կազմում:
բ/ 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունք չի ցուցաբերել՝ զբաղեցրել էր 3-4-րդ հորիզոնականները:
գ/ չի ընդգրվել 2 շախմատիստների կազմում, քանի որ 2018 թվականին չի մասնակցել Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը և միցազգային մրցաշարի / ծախսերը ամբողջությամբ կատարվելու էին ֆեդերացիայի կողմից/:
Հետևաբար, Գալոյանի այն պնդումը, որ Ֆեդերացիայի իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողության արդյունքում նա զրկվել է Հայաստանի շախմատի կանանց ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորությունից՝ փաստազուրկ է և անհիմն: Վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ Լ.Գալոյանը չի ընդգրկվել 2018 թվականի հավաքականի կազմում ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ պատճառներով՝
– 2017թ. հունիսի 1-ի և դեկտեմբերի 1-ի միջազգային միջին վարկանիշների ցածր ցուցանիշներ.
– 2018թ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի մրցաշարում զբաղեցրած 3-4-րդ հորիզոնականները.
– 2018 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում չմասնակցելու հանգամանքը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի շախմատային մեծ ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանելու ցանկությունը հորդորում ենք Լիլիթ Գալոյանին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից և իրավամբ գործել Շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, դժվարին պահին կանգնելով իր ավագ գործընկերների կողքին և ոչ դիմաց:
Հ.Գ. խմբագրության կողմից
Նկատենք, որ ՀՇՖ պարզաբանման մեջ ներկայացված չէ որեւէ փաստարկ, որ այս կամ այնկերպ կհերքի գրոսմայստեր Լ.Գալոյանի մեղադրանքները՝ ֆեդերացիայի խորհրդի նիստի ոչ իրավազոր լինելու մասին, նաեւ ֆեդերացիայի կանոնադրությունը կեղծելու մասին, ֆեդերացիայի կոնֆերանսի մասնակիցների մեջ իր անունն ընդգրկելու մասին այն դեպքում, երբ ինքն այդ ժամանակ չի եղել ՀՀ-ում: