Մենաշնորհի խնդիրը միշտ էլ եղել է. ինչ քայլեր են անհրաժեշտ մենաշնորհները վերացնելու համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսական հեղափոխության եւ, ընդհանրապես, տնտեսական դաշտում տիրող իրավիճակի մասին շատ է խոսվել: Տնտեսագետներն իրենք են ընդունում, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որպես այդպիսին, մենաշնորհներ չկան, բայց առանձին ոլորտներում կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը երեկ այս թեմայով քննարկման ժամանակ պնդել է. «Մեր տնտեսության առանձին ոլորտներում առանձին գործարարներ դեռեւս շարունակում են մենաշնորհային դիրքը պահպանել: Այս առումով ե՛ւ օրենսդրական դաշտում անելիք կա, ե՛ւ գուցե պետք է սկսնակ գործարարներին հնարավորություն տալ, մանավանդ որ գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցողները այդ ամենին հասել են ոչ հավասար պայմաններում»:

Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նույն այդ քննարկման ժամանակ ընդգծել է.«Որքան ես եմ հասկանում, մենաշնորհի խնդիրը ոչ թե չկա, միշտ էլ եղել է, հիմա էլ, որքան գիտեմ, կան գերիշխող դիրք զբաղեցնողներ»:

Իրականում տնտեսական դաշտում դեռ կան խնդիրներ, որոնց լուծումը, սակայն, մեծ ջանքեր ու տեւական ժամանակ է պահանջում: Թեեւ մենաշնորհները Հայաստանում կարելի է վերացած համարել, սակայն գերիշխող դիրք ունեցողներն, այնուամենայնիվ, շարունակում են տնտեսության մեջ մնալ թելադրող:

ՈՒ եթե մենաշնորհները վերացնելու համար բավական էր վարչապետի մի հանձնարարությունը, ապա գերիշխող դիրք ունեցողների դեմ պայքարը բավականին շատ ջանքեր է պահանջում: Ընդ որում, այդ պայքարը պահանջում է միաժամանակ բավականին զգուշավոր մոտեցում, քանի որ հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ:

Հարկավոր է պահպանել զգուշավորություն թեկուզ այն պարզ պատճառով, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները սպասարկում են շուկայի զգալի մասը: Շուկայում նրանց մասնաբաժինը նվազեցնելուց առաջ հարկավոր է լուծել շուկայի պահանջները բավարարելու խնդիրը, այլապես այս դեպքում գործ ենք ունենալու դեֆիցիտի հետ: Բացի այդ, խնդիր ենք ունենալու հարկերի հավաքագրման, ըստ այդմ` պետական բյուջեի կատարման հետ: Սա մեկ օրում լուծելու խնդիր չէ. դեռ պետք է նոր ստեղծվող ընկերությունները կարողանան մտնելու տեղավորվել շուկայում, տեղավորվել հիմնավորապես:

Այնպես որ, Հայաստանում տնտեսական հեղափոխությունը նաեւ այս առումով բավականին լուրջ ջանքեր է պահանջում:




Լրահոս