Ինչու Կառավարությունը չընդունեց պատգամավորների առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը. կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ` 41, ձեռնպահ` 1:

Հատկանշական է, որ նախագծին ձեռնպահ էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանը: Ըստ շրջանառվող լուրերի` տպավորություն է, որ նա ամեն կերպ փորձում է իրեն խմբակցությունից տարանջատել եւ առանձին գործել:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցություներն իրենց տարբերակն էին առաջարկել, սակայն հայրենի կառավարությունը այն չընդունեց:

Իսկ ընդդիմադիրների մի հատվածը համարում է, որ կառավարությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը` պահելով սուպերվարչապետությունը, որը, ըստ Էդմոն Մարուքյանի, «կարվել» էր Սերժ Սարգսյանի համար:

Արդեն ընդունված նախագծով` ՀՀ կառավարությունը կունենա հետեւյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս