Հանգուցյալների մասին` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Հավանաբար հիշեցիք այս հայտնի խոսքը: Սովորաբար մենք` հայերս, ավանդապաշտ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք այս հարցում էլ հետեւել մեծերից եկած իմաստուն խոսքերին: Ու մեր շրջապատում շատ քչերին կտեսնենք, որ ավելորդ ինչ-որ բաներ կասեն հանգուցյալների մասին: Իսկ եթե ստիպված են, այնուամենայնիվ, հիշել ոչ այնքան հաճելի դրվագներ, շտապում են ավելացնել «հողը խաբար չտանի» խոսքերը:
Միանգամայն այլ աշխարհընկալում ուներ շատերիս կողմից սիրված հայտնի հերոսը` Օստապ Իբրահիմովիչ Բենդերը: Դե սա էլ միանգամայն հասկանալի պատճառով. նա հայ չէր, ընդհակառակը, մի քանի անգամ խոստովանել է. «Մի հայր ունեի` թուրքահպատակ, այն էլ վաղուց մեռել է զարհուրելի ջղագալարքից»:
Ինչեւէ, կհիշեք մեր հերոսի մասնակցությամբ տխուր միջադեպը. ճանապարհին Կոզլեւիչի հայտնի մեքենան` «Անտիլոպա գնու»-ն, իր ուղեւորներով հանդերձ ճանապարհին ջարդուփշուր եղավ, ամենածանր վնասվածքները բաժին էր հասել սագի վզիկի, տոտիկի եւ թեւիկի մասին երազող, այդ ամենը որպես օպերա պատկերացնող Պանիկովսկուն` նույն այն անձնավորությանը, որ դրանից ընդամենը օրեր առաջ խորհուրդ էր տալիս գնալ Կիեւ, հարցնել` ով էր եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: «Եւ ձեզ կասեն, որ մինչեւ հեղափոխությունը Պանիկովսկին կույր էր, Շուրա՛: Հեղափոխությունը որ չլիներ, մի՞թե ես կդառնայի Լեյտենանտ Շմիդտի տղան:
Հեղափոխություն… դրանից առաջ ես հարուստ մարդ էի, տուն ունեի, ընտանիք, սեղանիս վրա դնում էի նիկելապատ ինքնաեռներ: Իսկ ի՞նչն էր ինձ կերակրում` ձեռնափայտ եւ կապույտ ակնոց»,- պատմում էր նա:
Բայց Պանիկովսկին ավանդեց հոգին`վերջին շնչում մրմնջալով սագի վզիկի, տոտիկի եւ թեւիկի մասին: Ու մեր հերոսը` Օստապ Իբրաիմովիչը, որպես մահախոսական արտասանեց իր հայտնի ճառը. «Ես հաճախ անարդարացի եմ եղել հանգուցյալի հանդեպ, բայց բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը: Ո՛չ: Նա բարոյական մարդ չէր: Նա մի նախկին կույր էր` սնապարծ եւ սագագող: Իր ողջ ուժերը նա վատնեց, որ ապրեր հասարակության հաշվին, բայց հասարակությունը չէր կամենում, որ նա իր հաշվին ապրի: Իսկ հայացքների հետ տարբերությունը Միխայիլ Սամուելովիչը տանել չէր կարող, որովհետեւ դյուրագրգիռ անձնավորություն էր, ուստի եւ մահացավ»:
Այս ամենը հիշեցինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին նախկին իշխանություների` ՀՀԿ-ականների արձագանքներին ծանոթանալով: Իսկ ՀՀԿ-ից, ինչպես միշտ, արձագանքել է նույն երկու հոգին ու եւս մեկը` նախկին ՀՀԿ-ական, որ այդ կուսակցությունը լքեց միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու ակնկալիքով:
Բայց եկե՛ք չքաղաքականացնենք: