Արդեն հինգ տարի է՝ «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Անծանոթը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Ստեփան Շահինյանը որեւէ հեռուստանախագծի շրջանակում չի նկարահանվում, էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը:
«Ես պատրաստ եմ նկարահանվել, չնայած որ քիչ են վճարում: Բայց ես երեւի թանկ դերասան եմ համարվում, ինձ չեն կանչում»,-մեկնաբանեց նա:
Հարցին, թե արդյոք գնային քաղաքականության մասին քննարկումներ եղել են սերիալների պրոդյուսերների հետ, պարոն Շահինյանը պատասխանեց. «Այնպես չէ, թե ասել եմ՝ գիտեք ինչ, ձեզ մոտ չեմ ուզում խաղալ: Թեպետ սրտանց կասեի: Ուղղակի ես իրենց աչքում թանկ դերասան եմ, իրենք էլ մտածում են՝ ավելի լավ է՝ ուրիշ մեկին քիչ վճարեն, քան ինձ կանչեն»:
Պարոն Շահինյանը հիմա խաղում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ընդգրկված է «Մուսա լեռան քառասուն օրը», «Եվ մշուշը ցրվեց» ներկայացումներում. «Այս վերջին ներկայացումը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի հիման վրա է բեմադրված»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ չկա այլ թատրոն, որն իրեն՝ որպես դերասանի, կձգեր եւ որտեղ կցանկանար խաղալ:
Հիշեցնենք, որ Ստեփան Շահինյանը խաղացել է Հ. Թումանյանի հեքիաթներում, Բոկաչչոյի «Դեկամերոն», Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, եւ երեքն էլ մի աղջիկ» եւ այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա եւ այլուր, մասնակցել տարբեր փառատոնների: 2001-11թթ աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի տանը, որտեղ կազմակերպել է մի շարք համերգներ, միջոցառումներ, ներկայացումներ, ամանորյա հանդեսներ: Նա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1993թ.) ֆիլմում:
Աննա Բաբաջանյան