ՀՀ իշխանությունները ստիպեցին միջազգային գործընկերներին հաշվի նստել իրենց կայացրած որոշումների հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ, այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի հարցը կրկին այս կառույցի օրակարգում է: Այսօր` մայիսի 17-ին, տեղի կունենա ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Բացի այդ, ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկվելու է մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստում:

Ակնհայտ է՝ Հայաստանը մինչեւ 2020 թվականը չի զիջելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ թույլ չի տալու, որ Բելառուսը, օգտվելով ստեղծված իրավիճակից, երբ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք ներկայացնելուց հետո ՀՀ-ն ետ կանչեց Յուրի Խաչատուրովին, թափուր պաշտոնում ժամանակից շուտ իր թեկնածուին առաջադրի: Իսկ ՀԱՊԿ անդամ երկրները, թեկուզ մեծ դժկամությամբ, այնուամենայնիվ համակերպվել են ՀՀ իշխանությունների այդ դիրքորոշման հետ:

Այլ կերպ, թերեւս, չէր կարող լինել, քանի որ ՀՀ նոր իշխանությունները, ունենալով լիարժեք լեգիտիմություն, այսօր ի վիճակի են դիմակայելու միջազգային ճնշումներին` առաջ տանելով սեփական երկրի շահն ու գործելու սեփական որոշումներով. մի հանգամանք, որ նախկին իշխանությունների օրոք իսպառ բացակայում էր:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առաջիկայում քննարկման առարկա դարձնելուն, ապա ակնհայտ է, որ այս ամենը զուտ նախապատրաստական բնույթ է կրելու: Ի վերջո, մինչեւ 2020 թվականը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ-ին ներկայացուցիչ ունենալու համար հատկացված ժամանակահատվածի ավարտը, ընդամենը կես տարի է մնացել: Այնպես որ, Հայաստանի ռազմավարական գործընկեր պետությունները չեն փորձի ավելորդ լարվածություն ստեղծել ու չեն պնդի Բելառուսի թեկնածուին օր առաջ նշանակելը:

Իսկ հիշում եք, թե հատկապես ՀՀԿ-ականներն ինչպես էին չարախնդում Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ սկզբնական օրերի աժիոտաժի կապակցությամբ, ինչպես էին փորձում այն ներկայացնել որպես ձախողում, մասնավորապես, երբ Հայաստանի նկատմամբ տարատեսակ ճնշումների փորձեր են եղել: ՀՀ իշխանությունները կարողացան դիմագրավել այդ ամենին ու ստիպեցին միջազգային գործընկերներին հաշվի նստել իր կայացրած որոշումների հետ:




Լրահոս