ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի դատարանի նախագահը` ինքնաբացարկների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ մարզի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը ինքնաբացարկ են հայտարարել:

Ինչպես հայտնի է, մարտի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, իրավապահները ձերբակալել էին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է:

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Արդյունքում ՀՔԾ-ն քննեց եւ պարզեց, որ դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորից իր օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Ի դեպ, դատավորը այդպես էլ չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ այդ գումարը իրեն պարտք են եղել եւ վերադարձրել են պարտքը:
Այս ամենի արդյունքում նախաքննական մարմինը մայիսի 15-ին հայտարարեց՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:

Թվում է՝ այսքանով ամեն ինչ պետք է ավարտված լիներ, սակայն պատկերը միանգամայն այլ է: Դատավոր Հեբոյանի գործը ուղարկվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ հիմա Կոտայքի մարզի քրեական գործը քննող դատավորները ինքնաբացարկ են հայտնել` նշելով, որ չեն կարող քննել Գագիկ Հեբոյանի գործը, քանի որ ճանաչում են նրան: Այս ամենը դատական համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, թե մարզի դատավորները իրավունք չունեին նման պատճառաբանությամբ հրաժարվել գործը քննելուց:

Ավելին, դատական համակարգում բարձրացվել է այն հարցը, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, եւ Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի:

Դատական համակարգում զարմացել են` միթե Երեւանի ընդհանուր իրավասության դատավորներից Դավիթ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի հետ կատարվածը դաս չեղավ մարզային գործընկերների համար, որ հիմա շարունակում են անհիմն բացարկներ ներկայացնել:

Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ դատավոր Գագիկ Հեբոյանի գործը գնացել է դատարան եւ այն, ի վերջո, պետք է քննվի, եւ դատարանը դատավճիռ հրապարակի: Դատական համակարգում իրավիճակից դուրս գալու համար գտել են տարբերակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախօրեին որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուրիշ դատարանից դատավոր գործուղել: Ընտրությունը կանգ է առել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վրա:

Ասել է թե` Տաթեւիկ Գրիգորյանը թողեց իր վարույթում քննվող գործերը եւ գործուղվեց Կոտայքի մարզի նստավայր: Նկատենք, որ դատական համակարգում խիստ վրդովվել են այս իրավիճակի պատճառով, քանի որ կարծում են՝ առանց այն էլ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավականին ծանրաբեռնված է աշխատում, եւ հիմա էլ Երեւանից մեկ դատավոր Կոտայքի մարզ գործուղելն այդքան էլ արդար չէ, եւ այսօրինակ իրավիճակները դատական համակարգում լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում ե՛ւ դատավորներին, ե՛ւ քաղաքացիներին:

Մինչ այդ նկատենք, որ կաշառք վերցնելու համար մեղադրվող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը քննվեց հենց Շենգավիթի դատարանում, այնտեղ, ուր նա աշխատել էր մոտ 20 տարի:

Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որը հաստատեց տեղեկությունները՝ Կոտայքի մարզի դատավորներն ինքնաբացարկ են հայտնել, եւ Տաթեւիկ Գրիգորյանն էլ գործուղվել է այնտեղ:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք նաև Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս