Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կին ու երեխա ունես, ինձ սպառնում էին». Ռուբեն Վարդազարյանի սկանդալային ձայնագրության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական համակարգի վերջին տարիների ամենաքննարկվող պատմություններից մեկը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է։ Գործը, որի առանցքում արդարադատության իրականացմանը ենթադրյալ միջամտության մեղադրանքն է, ուղեկցվել է գաղտնի ձայնագրություններով, պաշտոնատար անձանց միջև հակասություններով, դատավարական վեճերով և քաղաքական հետապնդման վերաբերյալ պնդումներով։

Պատմության մեջ առանցքային դերակատարներ են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Գործի նախապատմությունը սկսվում է 2019 թվականից։ Ըստ մեղադրանքի՝ այդ ժամանակ ԲԴԽ նախագահ դարձած Ռուբեն Վարդազարյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու հեղինակությունը, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից քննվող քրեական գործին։ Խոսքը Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործի մասին է։

Մեղադրանքի համաձայն՝ Վարդազարյանը հեռախոսային խոսակցությունների միջոցով փորձել է ազդել դատավորի որոշման վրա՝ հասնելու Աբգարյանի խափանման միջոց կալանքը փոխելուն։ Վարդազարյանը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ երբեք չի միջամտել դատավորների գործունեությանը։

Գործի շրջանակում առանցքային նշանակություն ստացան Անդրանիկ Սիմոնյանի ներկայացրած հեռախոսային ձայնագրությունները։ Դրանցից մեկի հրապարակման ժամանակ լսվում էր, թե ինչպես է Վարդազարյանը Սիմոնյանի հետ քննարկում Վահագն Աբգարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության հարցը։ Ըստ հրապարակված խոսակցության՝ Սիմոնյանն ասում է, որ եթե հնարավոր լինի կիրառել այլ խափանման միջոց, ապա ինքը կնկատի այդ հանգամանքը։

Վարդազարյանի պաշտպանական կողմը վիճարկել է ձայնագրությունների ապացուցողական նշանակությունը՝ բարձրացնելով դրանց իսկության, ստացման եղանակի և քրեական վարույթում կիրառելիության հարցերը։

Այս պատմության մյուս կարևոր դրվագը 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիպումն է։ Հանդիպմանը մասնակցել են Ռուբեն Վարդազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը և Սերգեյ Չիչոյանը։

2022 թվականի հունիսի 20-ին Վարդազարյանը հրապարակել է այդ հանդիպման ձայնագրությունը։ Ըստ նրա՝ զրույցի ընթացքում Ջհանգիրյանը հորդորել է իրեն հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ խոսելով նաև իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումներից խուսափելու մասին։ Վարդազարյանը ձայնագրությունը ներկայացրել է որպես իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդման ապացույց։

Ձայնագրության հրապարակումից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 7-ին վարույթը կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։ Քննչական մարմնի հաղորդմամբ՝ բավարար ապացույցներ չեն ձեռք բերվել Ջհանգիրյանի և մյուս հիշատակված անձանց կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ։

Մինչդեռ Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շարունակել է քննվել։ 2024 թվականի սեպտեմբերին դատարանում հրապարակվել են նրա և Անդրանիկ Սիմոնյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։

Դատաքննության ընթացքում առանձին քննարկման առարկա է դարձել նաև Սիմոնյանի՝ դատարան ներկայանալու հարցը։ Նա երկար ժամանակ չէր ներկայանում դատական նիստերին, ինչի հետևանքով հրապարակվել էր նրա նախաքննական ցուցմունքը։ Սակայն դատարանը հետագայում որոշել էր վերսկսել դատաքննությունը՝ Սիմոնյանին հարցաքննելու նպատակով։ Վերջինս, ի վերջո, հարցաքննվել էր դռնփակ կարգով և պնդել իր նախկին ցուցմունքները։

2025 թվականի օգոստոսի 8-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վաչե Դոլմազյանի նախագահությամբ, Ռուբեն Վարդազարյանին մեղավոր է ճանաչել արդարադատության իրականացմանը պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտելու համար։ Դատարանը նրան դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Դատավճռի շուրջ վեճերը, սակայն, չեն ավարտվել։ 2026 թվականի փետրվարին հրապարակված մանրամասների համաձայն՝ դատարանը Անդրանիկ Սիմոնյանի ներկայացրած ձայնագրությունը ճանաչել է թույլատրելի ապացույց՝ առանց դրա փորձաքննություն անցկացնելու։ Պաշտպանական կողմը համաձայն չէ այդ մոտեցման հետ՝ պնդելով, որ ձայնագրության իսկությունը պետք է ստուգվեր փորձագիտական հետազոտությամբ։

2026 թվականի մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ գործը քաղաքական հետապնդման բնույթ ունի, իսկ դատաքննության ընթացքում թույլ են տրվել էական դատավարական խախտումներ։

ArmLur.am-ը ևս անդրադարձել է այս դատական գործին՝ ներկայացնելով դատավարության ընթացքից մանրամասներ, ուսումնասիրելով դրա առանձին դրվագները և փորձելով պարզել՝ ինչ է տեղի ունեցել դատական համակարգի ներսում։

Թեմայի շրջանակում ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, նրա պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի, ինչպես նաև իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ։

ArmLur.am-ը փորձել է զրուցել նաև ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ստանալու նրա մեկնաբանությունը պատմության վերաբերյալ։ Սակայն վերջինս հրաժարվել է զրույցից՝ պատճառաբանելով իր առողջական վիճակը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս