«Մարտի 1»-ի քրեական գործի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի երեկվա հայտարարությունը շատ հետաքրքիր նրբերանգներ էր պարունակում: Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը անակնկալ որոշում կայացրեց` Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի հարցով ՍԴ դիմելու մասին` ուղարկելով նաեւ գործի նյութերը, եւ հիմա տուժող կողմը պնդում է` այդ որոշմամբ իրենք զրկվել են դատավորի որոշումները բողոքարկելու իրավունքից:
ՍԴ-ն երեկվա պարզաբանման մեջ նշել է, որ, 2018թ. ընդունված օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործինյութերը կարող են վերադարձվել»:
Նաեւ նշված է, որ գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ՍԴ-ն կարող է պահանջել»: ՍԴ-ից պարզաբանում են. «Դիմումինկից ներկայացված քրեական գործինյութերի վերադարձը վերոնշյալ կարգավորումների պարագայում չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»:
Այսպիսով, դատավոր Դավիթ Գրիգորյանն ու նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն այսպիսով յուրօրինակ խաղ են սկսել` միմյանց վրա գցելով այս գործով պատասխանատվությունը:
Պատահական չէ, որ ՍԴ-ն մատնանշում է` իրենց մոտ ուղարկված քրեական գործի նյութերը կարող են տրամադրվել միայն դատավորի գրության հիման վրա: Սա նշանակում է` տուժող կողմը դատավորի գործողությունների օրինականությունը բողոքարկելիս, այնուամենայնիվ, կախված է լինելու դատավորի քմահաճույքներից: Եթե հաշվի առնենք տեսակետը, որ մինչեւ հիմա Գրիգորյանի գործողություններն ավելի շատ եղել են հօգուտ ամբաստանյալի եւ ոտնահարել են տուժող կողմի շահերը, ՍԴ-ից նյութերը ստանալու հեռանկարը մի տեսակ մշուշոտ է թվում:
Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ն չի վարանել «ձեռքի հետ ակնարկներ անել»` դատավորի գործողությունների օրինականության վերաբերյալ:
Հետաքրքիր մի փաստ եւս. ՍԴ-ն պնդում է` գործի նյութերը վերադարձնելը չի կարող ազդել իրենց մոտ այդ գործի քննության ընթացքի վրա: Բայց այսքանով հանդերձ ՍԴ-ն չի մանրամասնել` այնուամենայնիվ, գործը նշանակելու է արդյոք քննության` միջամտելով դատավարությանը, թե ձեռնպահ կմնա գործը քննության նշանակելուց մինչեւ դատավոր Դ. Գրիգորյանի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը։