Հայաստանի երբեմնի երկու խոշոր հանքարդյունաբերող ընկերությունները հազար խոշոր հարկատուների ցանկում լուրջ փոփոխությունների են ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ասել է թե` ընկերությունը հարկ չի վճարել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 341 մլն 905 հազար դրամ:
Մյուս ընկերությունը` «Թեղուտ»-ն է, որը շահագործում էր Թեղուտի հանքավայրը, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 45 մլն 18 հազար դրամի հարկ ու տուրք, անցյալ տարվա առաջին եռամսյակում վճարած 2 մլրդ 182 մլն դրամի դիմաց: Նշենք, որ «Արմենիան Քափր Փրոգրամ»-ը «Վալլեքս» խմբի մեջ է մտնում, որի ղեկավարն է Վալերի Մեժլումյանը: Սակայն ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որոնք չի կարողանում մարել, այդ պատճառով էլ դադարեցրել է գործունեությունը: Իսկ գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում: Բայց Թեղուտի հանքավայրը հնարավոր է հուլիսին վերագործարկվի այլ գործարարի կողմից:
Ս. Հ.